Մատչելիության հղումներ

Թմրամոլության եւ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովը առաջին նիստն անցկացրեց


Այսօր առաջին նիստն է անցկացրել Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը:

Հանձնաժողովն ստեղծվել է երկրի նախագահի հրամանագրով` 2010 թվականին Ազգային անվտանգության խորհրդի նիստում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի հաստատումից հետո:

Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նիստի ժամանակ, մասնավորապես, ասել է. - «Հայաստանում գործում է պատշաճ օրենսդրական դաշտ, որը հնարավորություն է տալիս լիարժեք եւ արդյունավետ պայքար մղել այս երեւույթի դեմ: 2010 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է հանցագործությունների 1524 դեպք, որը շուրջ 23 տոկոսով ավելի է, քան 2009 թվականի ցուցանիշները, առգրավվել է 126 կիլոգրամ թմրանյութ, քրեական պատասխանատվության է ենթարկվել 854 անձ` 2009-ի 780-ի դիմաց»:

Նա նշել է, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում իրականացվող «Կանալ» օպերատիվ միջոցառումներին, եւ կարեւորել է այս ոլորտում միջազգային համագործակցության հետագա խորացումը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, նիստում որոշվել է մշակել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ` թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում հանդիպող որոշ խոչընդոտներ վերացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG