Մատչելիության հղումներ

2010-ին Հայաստանը ՀԱՊԿ-ում արդյունավետ է գործել


Հայաստանը անցած տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում գործել է բավական արդյունավետ, հայտարարել է ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Մենք ակտիվ մասնակցել ենք ՀԱՊԿ-ի շրջանակում բոլոր միջոցառումներին, արդյունքում` ստորագրվել է 34 փաստաթուղթ, որոնցից 10-ը` միջազգային պայմանագրեր եւ համագործակցության համաձայնագրեր: Կարեւոր էր հատկապես ռազմաարդյունաբերության ոլորտում մեր համագործակցության ակտիվացումը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ: Ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկություններին վերաբերող միջպետական գիտաարտադրական միավորումների ստեղծման մասին համաձայնագրի կնքումն այս ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու նոր հիմք է տալու մեզ», - միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ ասել է Բաղդասարյանը` կարեւորելով նաեւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներին վերաբերող փաստաթղթերի փաթեթի ստորագրումը եւ 2011 թվականին Հայաստանում այդ ստորաբաժանումների զորավարժություններն անցկացնելու մասին որոշումը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` այս տարի Երեւանում են անցկացվելու ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի եւ ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայ - ռուսական ազգային հատվածների համատեղ նիստերը, ՀԱՊԿ-ի պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 10-րդ հոբելյանական նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG