Մատչելիության հղումներ

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը շարունակելու է պայքարը


Հինգշաբթի օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Հակոբյանը հրապարակեց Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ –ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատավճիռը:

Դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը /անտենան/ եւ մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ անվճար հարկադիր սերվիտուդ սահմանելու պահանջը, դատարանը մերժեց:

Այս գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն որոշումը կայացրել էր դեռեւս 2008 թվականին: Վերաքննիչ դատարանը, փաստորեն, հաստատել էր Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործը հետ ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության: Այսօր, փաստորեն, նոր կազմը վերստին կայացրեց նույն որոշումը, որը բեկանվել էր Վճռաբեկի կողմից:

Հինգշաբթի օրը ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի անունից լրատվամիջոցներին ուղղված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. - «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դատական հերթական որոշումը մենք համարում ենք ակնհայտ կողմնակալ եւ ապօրինի, ուստի շարունակելու ենք պայքարը ազատ խոսքի պաշտպանության եւ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար»:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG