Մատչելիության հղումներ

Հրազդանի բնակչի եւ նրա մոր հաղորդումներին ընթացք է տրվել


Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահեն Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց, որ Հրազդանի բնակիչ Շահեն Հայրապետյանի հաղորդմանը` «հանցագործության կատարման մասին», ընթացք է տրված:

Գլխավոր դատախազություն փետրվարի 10-ին ներկայացված հաղորդումը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն` Արտակ Ալեքսանյանին եւ նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց: Հաղորդման մեջ Շահեն Հայրապետյանը պնդում է, որ գումարային խնդիրների պատճառով նրանք ապօրինի բռնագրավել են իրեն պատկանող ավտոմեքենան, իրեն ծեծի ու բռնությունների ենթարկել Արաբկիր համայնքում գտնվող «Երեւան Սիթի» խանութի նկուղում, առեւանգել, տարել են Մալաթիա թաղամասի մոտ գտնվող ինչ-որ մետաղյա տնակ, որտեղ չորս օր «պատանդ» է մնացել ու գիշերով փախել է: Հաղորդման մեջ Հայրապետյանը խնդրում է «հարուցել քրեական գործ` հանցագործներին բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:

Շահեն Հայրապետյանի մայրը` Վերգինե Հայրապետյանն էլ փետրվարի 11-ին դիմել էր ոստիկանության Հրազդանի բաժին:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Վերգինե Հայրապետյանի հաղորդման առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի բաժանմունք:

Առայժմ քրեական գործ հարուցված չէ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG