Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կայցելի Ուկրաինա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ուկրաինա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին են անդրադարձել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները այսօր Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը եւ Կոնստանտին Գրիշչենկոն խոսել են նաեւ այս տարի Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավարի եւ վարչապետի` Հայաստան կատարելիք այցելությունների մասին:

Նալբանդյանը նշել է, որ անցյալ տարի հայ - ուկրաինական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ հիմքեր է ստեղծում երկու բարեկամ ժողովուրդների եւ երկրների միջեւ համագործակցության հետագա խորացման համար:

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը, հայ - ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: 2013 թվականին ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության համատեքստում ընդգծվել է Ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շարունակաբար հնչեցվող դիրքորոշմանը համահունչ գործակցությունը:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են 2011 - 2012 թվականների հայ - ուկրաինական համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ Հայաստանի ԱԳՆ-ի Դիվանագիտական դպրոցի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG