Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը դատական հայց է ներկայացնել ՀՌԱՀ-ի 7 անդամների դեմ


«Ա1+» հեռուստաընկերությունն այսօր հայց է ներկայացրել Վարչական դատարան Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 7 անդամների դեմ` բացի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից:

«Ա1+»-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք ցանկանում են դատական կարգով պարտավորեցնել ՀՌԱՀ-ի այդ 7 անդամներին պատասխանել մրցույթի գործընթացի հետ կապված մի շարք կարեւոր հարցերի, որոնց պատասխանները «Ա1+»-ին ստանալ այդպես էլ չի հաջողվել, եւ որոնք ստանալը շատ կարեւոր են «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հաղթող ճանաչելու մասին որշումը չեղյալ հայտարարելու համար:

Այս պարզաբանումները ստանալուց հետո արդեն, ըստ Տիգրան Տեր-Եսայանի, իրենք արդեն հայց կներկայացնեն ՀՌԱՀ-ի որոշումը չեղյալ համարելու մասին:

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը հաղթող ճանաչելու մասին ՀՌԱՀ-ի 96ա որշումը չեղյալ հայտարարելու ժամկետը լրանում է փետրվարի 20-ին:

«Ա1+»-ը նաեւ առանձին հայց է նախապատրաստել ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի դեմ:

Անցած տարվա դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ հանձնաժողովի 6 անդամները 0 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը:

Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:
ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքում էր, որ կար մրցակցություն. միեւնույն հաճախականությունների համար էին պայքարում ԱԼՄ-ն եւ «Երեւան»-ը, «Ա1+»-ը եւ «Արմնյուզ»-ը։

Նույն մրցույթում ԱԼՄ-ն նույնպես պարտություն կրեց եւ հունվարի 20-ին եթերազրկվեց: ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը եւս ՀՌԱՀ-ին մեղադրում է իր հեռուստաընկերության նկատմամբ անարդար վարվելու մեջ եւ հունվարին մի շարք բողոքի հանրահավաքներ եւ ակցիաներ է անցկացրել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG