Մատչելիության հղումներ

Մոհամեդ էլ-Բարադեյ. «Մենք ցանկանում ենք նոր Եգիպտոս կառուցել»


«Հոսնի Մուբարաքը պետք է հրաժարական տա, եւ պայմաններ ձեւավորվեն իշխանության փոխանցման համար՝ դա է միակ ճանապարհը վերջ տալու Եգիպտոսը ցնցող անկարգություններին», - շաբաթ օրը ասել է Մոհամեդ էլ-Բարադեյը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը հեռախոսով տված հարցազրույցում։

Նա ասել է, որ նոր կառավարություն ձեւավորելու մասին Հոսնի Մուբարաքի ելույթը «հիասթափեցնող» էր եգիպտացիների համար. - «Հոսնի Մուբարաքի համակարգը ձախողել է Եգիպտոսի ժողովրդի քաղաքական, տնտեսական ու սոցիալական պահանջները։ Մենք ցանկանում ենք կառուցել նոր Եգիպտոս՝ հիմնված ազատության, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության սկզբունքների վրա»։

«Հիմնական պահանջն այն է, որ Հոսնի Մուբարաքը հստակ հայտարարի, որ հրաժարական կտա, կամ որ նորից չի առաջադրվի», - ասել է Մոհամեդ էլ-Բարադեյը։

Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյը այս տարի Եգիպտոսում նախատեսված նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու է համարվում:

Նա ներկայացրել է իշխանությունը փոխանցելու քայլերը. - «Նախագահի հիմնական առաքելությունն է լինելու նոր, ժողովրդավարական սահմանադրության հանրաքվեի անցկացումը, որից հետո տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ Եգիպտոսը նոր դարաշրջան կսկսի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG