Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետը ողջունել է Հայաստանի` համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը


Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Երկու վարչապետների հանդիպմանը, որին ներկա էին նաև երկու երկրների պատվիրակությունները, քննարկվել է երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը ողջունել է հայկական կողմի` համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը` անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանի տարածքում ռազմական բազաների տեղակայմանը։

Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին, ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար: Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություն։

«Մենք ակնկալում ենք, որ Ձեր և ՀՀ Նախագահի աջակցությամբ մեր գործարարները Հայաստանում իրենց ավելի հարմարավետ կզգան», - նշել է ՌԴ վարչապետը` հույս հայտնելով, որ ընդհանուր ջանքերով կհաջողվի հասնել համագործակցության նոր մակարդակի։

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է հանդիպումը` երկկողմ տնտեսական համագործակցությունն ամփոփելու ու հետագա իրականացվելիք ծրագրերը նախանշելու առումով։ Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուս գործարարներն իրենց հարմարավետ զգան Հայաստանում և հանդես գան մի շարք նախաձեռնություններով։ Մասնավորապես, «Մարս» գործարանում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Նախագծի օրենսդրական փաթեթն այժմ նախապատրաստական փուլում է։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ստեղծել այնպիսի հիմք, որը կխթանի ռուսական ներդրումների հետագա աճը Հայաստանում։

Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG