Մատչելիության հղումներ

Քրեակատարողական վարչությունը հերքում է Փաշինյանի եւ նրա պաշտպանի պնդումները


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանում ողջունում է իր աջակիցներին, արխիվ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանում ողջունում է իր աջակիցներին, արխիվ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը երեքշաբթի օրը հերքել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանի տարածած տեղեկությունները` դրանք որակելով «իրականության հետ առնչություն չունեցող եւ փաստերն ակնհայտ խեղաթյուրած»:

Անդրադառնալով, մասնավորապես, Փաշինյանի հետ պաշտպանի տեսակցության ընթացքում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում թույլ տրված խախտումների մասին տեղեկությանը` քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը գրում է. - «Դատապարտյալն ու իր պաշտպանն այդ «խախտումը» նկարագրել են այնպիսի գործողությամբ, որը ոչ այլ ինչ է, քան քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների կատարում, համաձայն որի, տեսակցության ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությունը պարտադիր է: Իսկ հսկողության օրինական ընթացքի մասին դատապարտյալը նշել է, [որ] տեսակցությունների ժամանակ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները գտնվել են բաց դռնից այն կողմ, այսինքն, ապահովված է եղել օրենքով նախատեսված տեսանելիությունը: Դատապարտյալը, սակայն, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների կատարումը ներկայացրել է իբրեւ խախտում»:

«Դատապարտյալն իր պաշտպանի կազմած «արձանագրությունում» [որը տարածվել է մի շարք լրատվամիջոցներով] նույնքան տարօրինակ կարծիք է հայտնել այն մասին, թե իբր այս ձեւով, այսինքն, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից օրենքների եւ ներքին կանոնակարգերի պահպանմամբ, իրեն զրկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից: Տարակուսանքի առիթ է տալիս այն, որ այս կարծիքը կիսել է նաեւ դատապարտյալի շահերի պաշտպանը, որն իրավաբան է, այն դեպքում երբ որեւէ կերպ նրանց առանձնազրույցը չի խոչընդոտվել», - ասված է Բաբայանի հաղորդագրությունում:

«Դատապարտյալը մեկ այլ, ոչ պակաս անլուրջ կարծիք է հայտնել, ըստ որի ինքը զրկված է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելուց: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դատապարտյալն իրավունք չունի զբաղվել այդ աշխատանքով», - նշված է հաղորդագրությունում:

«Ինչ վերաբերում է դատապարտյալի հարազատների հետ կապին, նամակագրությանը եւ հեռախոսազանգերին, ապա վերջինս, ինչպես եւ մյուս դատապարտյալները, օգտվում են օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքից», - վստահեցնում է Արսեն Բաբայանը` հավելելով. - «Նկատենք, որ միեւնույն ժամանակ դատապարտյալը պարտավոր է պահպանել օրենսդրությամբ սահմանված իր պարտականությունները»:

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետը հերքում է 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Փաշինյանի պաշտպանի հրապարակած «Արձանագրությունում» տեղ գտած այլ պնդումներ եւս եւ վստահեցնում, թե «չնայած դատապարտյալ Փաշինյանի կամակորություններին, սադրանքներին եւ ապատեղեկատվության տարածման փորձերին, այնուամենայնիվ նրա անվտանգությանը քրեակատարողական հիմնարկում ապահովված է եւ նրան վտանգ չի սպառնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG