Մատչելիության հղումներ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի գրած հոդվածները «տեղ չեն հասնում»


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվում է փոստին փոխանցել կալանավորված խմբագրի նամակները:

«Տեսակցության ժամանակ Նիկոլն ինձ ասաց, որ ինքը նյութեր է գրում: Անցած հինգշաբթի օրվանից ծրարներով իր հոդվածները հանձնել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որպեսզի օրենքով սահմանված կարգով հանձնեն «ՀայՓոստ»-ին եւ մեր հասցեով դրանք գան: Մենք ոչինչ չենք ստացել: Նիկոլն ինձ ասաց, որ եթե մինչեւ այդ ծրարները գոնե վերցնում էին, այդ օրը` ամսի 9-ին, մինչեւ տեսակցության գալը ծրարը փորձել է հանձնել, բայց նրանք պարզապես չեն վերցրել: Ասել են, որ այո՛, գիտենք որ օրենք ենք խախտում, բայց չենք կարող վերցնել այդ ծրարը», - պատմեց Աննա Հոկոբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ հիմքով է սահմանափակվել Նիկոլ Փաշինյանի նամակագրության իրավունքը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Վարդան Սարգսյանը պատասխանեց. - «Թող գրի` կուղարկենք: Ուրեմն չի գրում, որ չենք ուղարկում: Ես Նիկոլ Փաշինյանի կողմից նամակ չեմ ստացել»:

Աննա Հակոբյանը հակադարձեց` «դա սուտ է»:

Նիկոլ Փաշինյանի կնոջ փոխանցմամբ, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը շարունակում է ամեն օր իր հոդվածները գրել եւ ծրարով ուղարկել «Հայկական ժամանակի» խմբագրությանը, սակայն դրանք տեղ չեն հասնում: Թերթը առայժմ հրապարակում է Նիկոլ Փաշինյանի` ավելի վաղ գրած հոդվածները:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների առթիվ ազատազրկված Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու կապակցությամբ հայտարարություններ են տարածել միջազգային եւ տեղական լրագրողական կազմակերպություններ, գիտնականներ, արվեստագետներ: Նման հայտարարություններ են հնչել նաեւ Սփյուռքից:
XS
SM
MD
LG