Մատչելիության հղումներ

Ճամբարակի զորամասում զինծառայողի մահվան գործով մեղադրանք առաջադրվեց երկու զինվորների


Նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով երկու ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 367 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` «պահակային կամ կայազորային ծառայության կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին պաշտպանության նախարարության քննչական վարչությունից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկու մեղադրվողները 18-ամյա շարքային զինծառայողներ Հմայակ Մարտիրոսյանը եւ Արտյոմ Պողոսյանն են, որոնք բանակ են զորակոչվել այս տարվա գարնանը:

Փաստի առիթով քրեական գործը ի սկզբանե հարուցվել էր դիտավորյալ սպանության հատկանիշներով:

Կրտսեր սերժանտ, մեկ տարվա զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, Արմավիր քաղաքի բնակիչ: Նոյեմբերի լույս 18-ի գիշերը զորամասի տարածքում հրազենային վնասվածք ստանալուց հետո նա անմիջապես մահացել է:

Քրեական օրենսգրքի 367 հոդվածի երկրորդ մասով սահմանված պատիժը կարգապահական գումարտակում պահելն է` 1-ից մինչեւ 3 տարի ժամկետով, կամ 1-ից մինչեւ 4 տարվա ազատազրկումը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG