Մատչելիության հղումներ

Քրեակատարողական վարչությունում հերքում են իր դեմ բռնության մասին Փաշինյանի հայտարարությունը


2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը անցած գիշեր հայտարարել է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ բռնություն է գործադրվել:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը, սակայն, հաղորդագրություն է տարածել, որում Փաշինյանի պնդումը որակում է «հերթական ակնհայտ կեղծ հայտարարություն»:

«Անհեթեթության աստիճանի «մշակված» այդ հայտարարության հանգամանքները հետեւյալն են: Գիշերվա ժամը 2.50-ին դատապարտյալն սկսում է աղմկել եւ հայտարարել, որ «սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը եւ նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում [են] վերջինիս, որ խցում որեւէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա, արդեն 2 րոպե անց, խուց են մտնում ՔԿՀ-ի աշխատակիցները եւ, հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինիս հրավիրում են հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Ն. Փաշինյանի գիշերային երազների շարքից է», - ասված է Բաբայանի հաղորդագրությունում: - «Իսկ մինչ այդ, նախապես պայմանավորված ժամին (այս պնդման համար հիմք է այն, որ այդ ժամերին որեւէ զանգ ՔԿՀ-ից պարզապես չի եղել) տարբեր պաշտոնատար անձանց գիշերային զանգեր են ուղարկվում` վերը նշված սցենարի հանգամանքները պարզելու եւ իբր կանխիչ միջոցներ ձեռնարկելու թեմայով: Ավելին, ժամը 4.00-ին դատապարտյալին այցելում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը զրուցելով հայտարարության հեղինակի եւ նրա հարեւան մյուս դատապարտյալների հետ, որին վերջիններս դարձյալ նույնությամբ ներկայացնում են վերոհիշյալ իրավիճակը: Այնուհետեւ, նույն իրավիճակին ականատես են լինում նաեւ հասարակական դիտորդները»:

«Այս անլրջության շարքին դասվող հերթական նախաձեռնությունը, մեր համոզմամբ, հետապնդում է ամեն եղանակով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնության պատրանք ստեղծելու անհագ ձգտում», - իր հաղորդագրությունը ամփոփում է Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետը:

Մեկ շաբաթ առաջ Քրեակատարողական վարչությունից հերքել էին նաեւ Փաշինյանի նկատմամբ հարձակման մասին մեկ այլ տեղեկություն, որը հրապարակել էր «Հայկական ժամանակ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG