Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոն:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն եւ այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջեւ:

Դեսպան Ռենոն վստահեցրել է, որ ջանք չի խնայի` իր պաշտոնավարման շրջանում իրականացնելու երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր առաքելությունը:

Զրուցակիցները կարեւորել են հայ - ֆրանսիական տնտեսական, ինչպես նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում գործակցությունը:

Նկատի առնելով Ֆրանսիայի ծանրակշիռ տեղն ու դերը Եվրամիության կառույցներում` Հայաստանի նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԵՄ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցության կարեւորությունը եւս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG