Մատչելիության հղումներ

Սերժ Սմեսովը հրաժեշտ տվեց Սերժ Սարգսյանին


Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ այսօր հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Ես խորապես համոզված եմ, որ հայ - ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան 2006 թվականին, երբ Դուք նշանակվեցիք Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Իրոք, մեծ է Ձեր անձնական ներդրումը քաղաքական երկխոսության զարգացման, տնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածման գործում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային` Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին սատարելու ջանքերի ու պատրաստակամության համար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` դեսպանը նշել է, որ իր համար շատ կարեւոր է Հայաստանի նախագահի բարձր գնահատականն ու հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ: «Իմ պաշտոնավարման ընթացքում ես հասկացա, որ լինել Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, նշանակում է` քո առջեւ բաց տեսնել բոլոր դռները», -ասել է Սերժ Սմեսովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG