Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ մտահոգություններ ունի


Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մտահոգություններ է հայտնել Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայումը մինչեւ 49 տարով երկարաձգելու մասին արձանագրության վերաբերյալ։

Հիշյալ արձանագրությունը անցած շաբաթ ստորագրվեց Երեւանում՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում։ Արձանագրությամբ փոփոխություններ կատարվեցին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում, որի գործողության ժամկետ սահմանվեց 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Ամրագրվեց նաեւ, որ ռուսաստանյան ռազմակայանը, բացի Ռուսաստանի շահերի պաշտպանությունից, նաեւ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը:

«Բացարձակապես պարզ չեն այն մեխանիզմները, թե Արցախը ինչպես կարող է պաշտպանված լինել այս պայմանագրով», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի։ - «Գուցե կան մեխանիզմներ, որոնք դեռ մենք չգիտենք, բայց իշխանությունը գիտի, մեզ չի ասում։ Առայժմ, փաստաթուղթը, որը ստորագրված է նախագահների կողմից, այս հարցին պատասխան չի տվել», - ընդգծեց Հակոբյանը։

1995 թվականին կնքված պայմանագրի գործունեության ժամկետը լրանում էր 2020 թվականին։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի գնահատմամբ, պայմանագրին վերաբերող հաջորդ հարցը, որին Հայաստանի իշխանությունները պատասխան չեն տալիս, այն է, թե ինչո՞ւ որոշում կայացվեց ռուսաստանյան ռազմակայանի տեղակայումը երկարաձգել հիմա՝ ժամկետից շուտ եւ 49 տարով։ Ռուբեն Հակոբյանի կարծիքով, քանի դեռ այս հարցերին պատասխան չի տրվել, այն կարելի է մեկնաբանել ռազմավարական գործընկերների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող փոխադարձ անվստահությամբ։

Մյուս մտահոգիչ խնդիրը, «Ժառանգության» փոխնախագահի համոզմամբ, Ադրբեջանին վաճառվելիք S-300 ռուսական հակահրթիռային համակարգերի մասին լուրերն են։

«Հայաստանի իշխանությունները պարտավոր են նաեւ մեկնաբանել, թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ինչո՞ւ է Ադրբեջանին S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառում, այն դեպքում, երբ Հայաստանը Ադրբեջանին համարում է իր թշնամին», - հաջորդ մտահոգիչ հարցին անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը՝ ընդգծելով. - «Եթե վաղը ռազմական գործողություններ տեղի ունենան Արցախի հետ կապված՝ Հայաստանը պետք է մասնակցի։ Եվ այդ դեպքում, բնականաբար, այդ զինատեսակը պետք է օգտագործվի Հայաստանի դեմ»։

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ եթե հաստատվի այդ փաստը, որ իսկապես Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է հակահրթիռային համակարգեր, առաջ կգա ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը։

Ազգային ժողովում ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավարը հավելեց, որ եթե «Ժառանգության» կողմից բարձրացված հարցերին հստակ պատասխաններ չտրվեն, իրենք Ազգային ժողովում այդ արձանագրության վավերացմանը դեմ կքվեարկեն։

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, նախօրեին ներկայացնելով իր դիրքորոշումը հայ-ռուսական պայմանագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ, ընդգծել էր, թե կարեւորում է հայ-ռուսական համատեղ անվտանգության համակարգի ամրապնդումը, միեւնույն ժամանակ նշելով, թե անվտանգության երաշխիքների ընդլայնմանն ուղղված Հայաստանի ջանքերը անբավարար են՝ հաշվի առնելով տարածաշրջանում լարվածության աճը։ Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը կոչ էր արել բոլոր ուժերին «գիտակցել պահի լրջությունը» եւ վճռական քայլեր կատարել։

Արձագանքելով այս կոչին՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, թե Կոնգրեսի գնահատականների զգալի մասը «Ժառանգությունն» արտահայտել էր շաբաթներ առաջ։

«Իհարկե, բոլորս, կարծում եմ, գնահատում ենք պահի լրջությունը, բայց գնահատելուց ավելին՝ պիտի կարողանանք ինչ-որ բաներ անել։ Իսկ եթե չկա ձեւաչափ որեւէ կերպ կանխելու այս զարգացումները, կամ հակադարձելու դրանց, ապա դա արդեն ընդդիմության եւ նաեւ իշխանության ողբերգությունն է», - հայտարարեց Ստեփան Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG