Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հու Ձինթաոյի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում այսօր հանդիպել է այդ երկրի նախագահ Հու Ձինթաոյի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին` «Շանհայ Էքսպո - 2010» ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար, եւ շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն:

Կողմերն արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի եւ կրթության բնագավառներում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվել են մեծ հաջողությամբ:

Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ - չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Նախագահները քննարկել են Հայաստան - Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ Չինաստանի Շանսի նահանգում հայ - չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG