Մատչելիության հղումներ

Կալանավորվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 1 անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանին՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։

Հայաստանի հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, Սեդրակ Արթենյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների՝ Սեդակ Արթենյանը հսկողություն չի սահմանել քրեակատարողական հիմնարկի հերթափոխի ծառայողների քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի զբոսախցերի ու 5-րդ հարկի խցերի ընդհանուր տարածքների տեխնիկական ստուգման եւ խուզարկության նկատմամբ, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկի 77-րդ խցում պատիժը կրող՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը, հսկողության բացակայության պայմաններում, թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը կտրել-ջարդելով, ինքնաշեն պարանների գործադրմամբ դիմել են փախուստի։

Դեկտեմբերի սկզբին Արսեն Աֆրիկյանը հրաժարական է տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից, եւ հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարուժան Եղիազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG