Մատչելիության հղումներ

Երեւանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը


Երեւանում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, ում այսօր ընդունել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը եւ մտադիր է ամրապնդել այն` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործմանը:

Նալբանդյանը ասել է նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով:

Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը, եւ հույս է հայտնել, որ 2009-2010 թվականներին եւս Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանը եւ Ռոբերտ Սիմոնսը քննարկել են Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով 2009 թվականին նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր:

Բաղդասարյանը ներկայացրել է ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները` տեղեկացնելով, որ բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Ռոբերտ Սիմոնսը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից եւ արձանագրված առաջընթացը գնահատել դրական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG