Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի կեսօրից հետո մեկնել է Բուրսա` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նախագահի մամլո գրասենյակից:

Թուրքիա այցելելու հրավերը Հայաստանի նախագահին հղել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով անցած տարվա սեպտեմբերի 6-ին իր հայաստանցի պաշտոնակցի հրավերով ժամանել էր Երեւան` Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, մասնավորապես, որ երկու երկրների ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով իր Բուրսա մեկնելու նախադրյալները այսօր` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, առկա են:

Մինչ օգոստոսի 31-ին հայ - թուրքական արձանագրությունների նախաստորագրումը Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին կայանալիք ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի, եթե հայ - թուրքական սահմանը բաց լինի կամ կողմերը մոտ լինեն դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG