Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Մահմուդ Ահմադինեջադի հետ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Իրաքի խորհրդարանի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, այցելել է իրանահայերի ազգային հաստատություններ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայկական կողմի գոհունակությունն է հայտնել հայ - իրանական ջերմ հարաբերությունների ու առարկայական համագործակցության զարգացման առթիվ:

Քննարկվել են ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին:

Հանդիպման մասնակիցները նաեւ հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, որը եւս այցով գտնվում էր Թեհրանում:

Չորեքշաբթի առավոտյան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարան, որտեղ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ծաղկեմատույցի արարողություն:

Ազգային ժողովի նախագահը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, ապա` Հայաստանի անկախության 18-ամյակի կապակցությամբ Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցած ընդունելության ժամանակ:

Իրանահայերի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. - «Մենք հասկանում ենք սփյուռքի մեր եղբայրների եւ քույրերի անհանգստությունը: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանությունները երբեք թույլ չեն տա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առկախումը հայ - թուրքական հարաբերությունների կանոնակարգումից: Նմանապես անընդունելի է այդ հարաբերությունների պայմանավորումը Արցախի հիմնահարցի կարգավորմամբ: Ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ոչ էլ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցերը սակարկության ենթակա չեն»:

Անցած գիշեր Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանից վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG