Մատչելիության հղումներ

Դաշնակցության 24 ներկայացուցիչներ հացադուլ կհայտարարեն, 50-ը՝ նստացույց


Հայաստան – ՀՅԴ-ի աջակիցները հանրահավաքում, արխիվ
Հայաստան – ՀՅԴ-ի աջակիցները հանրահավաքում, արխիվ
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) 24 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորներ եւ ղեկավար այլ անձինք, հացադուլ են անցկացնելու արտգործնախարարության եւ կառավարության շենքերի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների դեմ։ Հացադուլավորներին նստացույցով կմիանան եւս 50 դաշնակցականներ։

Հայաստան -- ՀՅԴ-ի բյուրոյի անդամ, Դաշնակցություն խոհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան, 02.09.2009
ՀՅԴ-ի բյուրոյի անդամ, Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկուշաբթի լրագրողներին փոխանցեց, որ իր կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի այդ փաստաթղթերի վավերացումը, քանի որ արձանագրությունները «հակասում են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը»։

Դաշնակցական պատգամավորի փոխանցմամբ, արտգործնախարարությունը ռազմավարական սխալ է թույլ տվել եւ ՀՅԴ-ն այս փուլում պահանջում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

«Իհարկե, նաեւ նկատի ունենալով, որ նախագահը պետք է տեսնի այս վեճի արդյունքները եւ անի համապատասխան հետեւություններ եւ դրանից հետո բխող քայլեր։ Եթե նա դա չանի, բնականաբար, մեր հասցեատերերի թիվը կավելանա», - ասաց Հովհաննիսյանը։ - «Մեր ճնշումը իշխանության վրա կավելանա ճիշտ համաչափ՝ նրա թույլ տված սխալներին»։

Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը «թույլ տրված սխալները» կուղղի միայն եւ միայն հասարակության ճնշման տակ։

«Կարծում եմ նրան արդեն նետել են ծուղակը։ Նա կարող է դուրս գալ այդ ծուղակից, բայց պետք է ուզի։ Եւ իհարկե, ամեն ինչ արվում է, որպեսզի հասարակական ճնշումը թուլանա, որպեսզի քայքայվեն ու փլուզվեն այն ուժերը, որոնք իրականում կարող են այս արդար ճնշումը գործադրել։ Այստեղ պատասխանն է, թե ինչ տեղի ունեցավ «Ժառանգության» հետ», - ասաց Հովհաննիսյանը։

Օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններով նախատեսվում է քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել է իր մտահոգությունները այս փաստաթղթերի առնչությամբ։
XS
SM
MD
LG