Մատչելիության հղումներ

Վաղը լրանում է Անկախության հռչակագրի ընդունման 19-րդ տարելիցը


1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Պատմական փաստաթղթի նշանակության մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքն են այսօր հնչեցրել հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ցանկացավ հիշեցնել, որ Հայաստանի անկախության համար պայքարը դեռեւս խորհրդային տարիներին սկսել է Ազգային միացյալ կուսակցությունը։

«Այսօր չգիտես ինչու չեն ուզում հիշել, որ անկախության հիմնական պայքարը սկզբից հենց եղել է Ազգային միացյալ կուսակցության կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ հավելելով. - «Անկախությունը ինձ համար եւ Արցախն է, եւ Հայաստանը. ես չեմ տարբերում»:

Խոսելով բուն Անկախության հռչակագրի մասին՝ իշխող կուսակցության փոխնախագահը ասաց. - «Գիտեք, դրույթները կարելի է գրել, բայց կյանքը ասում է իրենը: Իշխանության եկան մարդիկ, որոնք գուցեեւ ուզում էին լավ անել, բայց լավ չստացվեց, տասը տարի տնտեսական հետընթաց ապրեցինք: Ե'վ պատերազմն էր պատճառը, ե'ւ անձերն էին պատճառը, որոնք նաեւ շահադիտական խնդիրներ էլ ունեին: Դրանից հետո հաջորդ տասնամյակը ինչ-որ կերպ սկսվեց տնտեսական զարգացում, բայց մենք հետ ընկանք»:

«Քսան տարվա անկախ պետությունում այսօր մեր քաղաքացին պիտի լավ ապրի», - շարունակեց Զոհրաբյանը՝ ցավով փաստելով, որ այդպես չէ, ու գնահատելով, թե ինչն է պատճառը. - «Հայ ժողովուրդը դեռեւս ինքը իր մեջ չի լուծել իր ազգային գաղափարախոսական խնդիրները: Ընդհանուր ազգային գաղափարախոսություն չկա»:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը Անկախության հռչակագիրը համարում է հաղթական լրջագույն եւ զարմանալի մարտահրավեր` ուղղված Խորհրդային Միության ամբողջ համակարգին, քանի որ, ըստ Զուրաբյանի, աննախադեպ համարձակություն եւ ինքնավստահություն կա փաստաթղթում տեղ գտած տողերում։ ՀԱԿ-ի համակարգողը գտնում է, որ այդ ամենին հասել են շնորհիվ համաժողովրդական շարժման։

«Այն իշխանությունները, որ 90 թվականին ձեւավորվել էին Հայաստանում, այնքան լեգիտիմ էին, ժողովրդի այնքան մեծ վստահություն էին վայելում, որ նրանք իսկապես կարող էին իրենց հզորությամբ, որոշումների իրականացման արդյունավետության տեսակետից համեմատվել Խորհրդային Միության ղեկավարության հետ՝ Հայաստանի տարածքում: Ահա սա է, որ այսօր պակասում է Հայաստանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով, թեեւ Հայաստանն այսօր անկախ է, սակայն այսօր չի կարող միջազգային հանրության հետ խոսել նույն համարձակությամբ, ինքնավստահությամբ եւ իր ուժերի նկատմամբ նույն հավատով, ինչպես խոսում էր 1998 թվականին։

«Եվ դրա միակ պատճառը այն է, որ այսօր Հայաստանում մենք չունենք ժողովրդական իշխանության, լեգիտիմ իշխանություն», - եզրափակեց նա:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Ռուզաննա Առաքելյանը գտնում է, որ հայ ժողովուրդը դեռ պայքարելու է այն դրույթների համար, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում։ Պատգամավորն ացած 20 տարիների ընթացքում տեսնում է, իր որակմամբ՝ մի խորը բացթողում. - «Չկարողացանք մենք հոգեբանություն դարձնել անկախությունը՝ որպես արժեք»:

Այդուհանդերձ, դաշնակցական պատգամավորը գտնում է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը բավական առաջընթաց ապրել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG