Մատչելիության հղումներ

«ժառանգություն»-ը չի բացառում բանակցությունները ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ


«ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
«ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ մոտ ապագայում քննարկումներ սկսվեն «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության միջեւ՝ «հետագա աշխատանքների շուրջ»:

Անցած ամիս ընդդիմադիրը դաշտը համախմբելուն միտված 12 կետանոց պլատֆորմին, որը ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսը, հետեւեցին «Ժառանգության» ներկայացրած 5 կետերը, որոնց վրա է վերջինս տեսնում համագործակցությունը ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ:

«Մենք սպասում ենք պատասխանի [Հայ ազգային կոնգրեսից եւ Դաշնակցությունից]», - լրագրողներին երեքշաբթի օրը ասաց Մարտիրոսյանը: - «Կարծում եմ, այս տասնօրյակի մեջ այդ պատասխանը մենք կլսենք: Որից հետո, կարծում եմ, հետագա բանակցությունները տեղի կունենան»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ասաց, որ իրենց կողմից պատրաստվող փաստաթուղթը, որը կարտահայտի կուսակցության դիրքորոշումը «Հայաստանում առկա եւ Հայաստանի հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ», պատրաստ կլինի սեպտեմբերին, երբ «ներքաղաքական կյանքը կրկին կսրվի»:

Ներկայացնելով պատրաստվող պլատֆորմի առանցքային դրույթները՝ Ռուստամյանը ասաց. - «Կարեւորագույն փաստաթուղթ է դա լինելու: Երեք հիմնական ուղղություններով՝ ազգային, ընկերվարություն եւ ժողովրդավարություն: Արդեն մի մեծ խնդիր՝ ազգային խնդիրների հետ կապված, լուծվեց, երբ Ստեփանակերտում անցկացրեցինք համաժողովը, եւ դրա նյութերը մեծ մասամբ հիմք կծառայեն մեր պլատֆորմի այդ մասը ամբողջացնելու առումով»:

Ընդդիմադիր դաշտում ընթացող կամ ակնկալվող բանակցությունների վերաբերյալ ՀՅԴ-ի ղեկավար անդամը ասաց. - «Առանձին քննարկումների հրատապություն մենք այսօր չենք տեսնում, որովհետեւ այն, ինչ ասված է՝ ասված է: Բոլորի կողմից: Համաձայնեցնելու խնդիր, օրակարգ ոչ մի կողմն էլ չի դրել: Կամ անպայման հանդիպելու, կառուցվածքային իմաստով միասնական ձեւի մեջ դնելու այս ամեն ինչը. այդպիսի խնդիր չի դրվում: Եվ ես կարծում եմ, դրա անհրաժեշտությունն էլ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG