Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մենք պատրաստ ենք ընդդիմության դաշտում ընդունել ցանկացած կուսակցություն»


«Մենք պատրաստ ենք ընդդիմության դաշտում գրկաբաց ընդունել ցանկացած կուսակցություն` չվախենալով մրցակցությունից եւ բաց չթողնելով համագործակցության որեւէ առիթ», - հունիսի 12-ի հանրահավաքում հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` քաղաքական ուժերին առաջարկելով միավորվել 12 կետից բաղկացած պլատֆորմի շուրջ:

Արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման եւ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի պահանջից բացի, Տեր-Պետրոսյանի ներկայացրած պլատֆորմն առաջարկում է լիովին բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին, ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հարկային տեռորի զոհ դարձած գործարարներին, կատարելով Եւրադատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը: Առաջարկվում է նաեւ դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման «հանցավոր» պրակտիկան:

Արտաքին քաղաքական բնագավառում պլատֆորմն առաջարկում է վիժեցնել Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման «դավադիր» ծրագրի իրականացումը, իշխանություններին թույլ չտալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «անհարկի» զիջումների գնալ եւ «վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ»:

Տեղեկացնելով, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կայանալու է սեպտեմբերի 18-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ պլատֆորմը շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների եւ ամառը լրիվ բավարար է այդ աշխատանքը կատարելու համար:

«Կոնգրեսը, կամ նրան նախորդած Համաժողովրդական շարժումը երբեւէ չի հրաժարվել ընդդիմադիր որեւէ ուժի հետ համագործակցությունից։ Ավելին, որպես կանոն, ինքն է եղել համագործակցության համարյա բոլոր փորձերի նախաձեռնողը», - հայտարարեց առաջին նախագահը` հիշեցնելով նախագահական ընտրությունների նախօրեին իրենց վարած բանակցությունները «Ժառանգության», Դաշնակցության, «Օրինաց երկրի», Ազգային միաբանության, «Նոր ժամանակների», ԱԺՄ-ի եւ քաղաքական այլ ուժերի հետ։

«Թվարկված կուսակցություններից երկուսը՝ «Ժառանգությունը» եւ «Նոր ժամանակները», միացան համաժողովրդական շարժմանը եւ նախագահական ընտրություններում սատարեցին նրա առաջադրած թեկնածուին։ Մնացյալները նախընտրեցին լքել ընդդիմադիր դաշտը եւ ապաստանել իշխանական ճամբարում։ Հետագայում, երբ ձեւավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը, Ժառանգությունը եւ Նոր ժամանակները հարմար չգտան ընդգրկվել նրա կազմում՝ շարունակելով իրենց անկախ ընդդիմադիր գործունեությունը։ Դրանով հանդերձ, Կոնգրեսի եւ «Ժառանգության» համագործակցությունն ամենեւին չդադարեց, ինչի ցայտուն վկայությունն են, մասնավորապես, նրանց բազմաթիվ համատեղ հայտարարությունները եւ Փաստահավաք խմբում ծավալած արդյունավետ գործունեությունը», - նշեց Տեր-Պետրոսյանը` ընդգծելով, որ չպետք է կարեւորել համագործակցության ձեւական կողմը: Նրա խոսքով` ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ «Ժառանգությունը» ընդհանուր շահի գիտակցությամբ, թեկուզ իրարից անկախ, պայքարում են իշխանությունների դեմ. նրանք «ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ եւ ուժեղացնում միմյանց»։

Դաշնակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» մասով առաջին նախագահը նկատեց, թե «նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան», որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի:

Գնահատելով մայիսի 31-ի ընտրությունները` ընդդիմության առաջնորդը Սերժ Սարգսյանին մեղադրեց դրանք քրեականացնելու մեջ: Տեր-Պետրոսյանը քննադատեց նաեւ արեւմտյան կառույցներին` ընտրություններին արժանի գնահատական չտալու համար:

«Քվեարկության ընթացքը շատ ավելի ուշադիր դիտեցին Արեւմտյան երկրների երեւանյան դեսպանատների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք, սակայն, ի տարբերություն վերը նշված առաքելության, առայժմ չեն հրապարակել իրենց կարծիքը», - նշեց Տեր-Պետրոսյանը:

«Տեղյակ ենք, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր մոտ է հրավիրել Եվրամիության երկրների դեսպաններին ու հորդորել, որ նրանք զերծ մնան ընտրությունների մասին բացասական գնահատական տալուց, որովհետեւ դա կապակայունացնի մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության գործընթացին: Նալբանդյանը միամիտ է, քանի որ առանց նրա հորդորի էլ դեսպանները խոհեմաբար լռելու էին՝ դա պատճառաբանելով Հայաստանի ներքին գործերին չխառնվելու իրենց պարտավորությամբ եւ տարածաշրջանային կայունության ու անվտանգության «վեհ» նկատառումներով», - շարունակեց ընդդիմության առաջնորդը` մեկնաբանելով, թե «վեհ» նկատառումներ ասելով նկատի ունի Ցեղասպանության ուրացման գնով ձեռքբերվելիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Ղարաբաղի հարցում Հայաստանից նոր զիջումներ կորզելու ակնկալիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG