Իրան -- Ազդեցիկ կրոնական գործիչ եւ նախկին նախագահ Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին վարում է ուրբաթօրյա ավանդական աղոթքը Թեհրանի համալսարանում, 17-ը հուլիսի, 2009 թ.
Իրանի նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին այսօր բարձրաստիճան հոգեւորականների հետ քննարկելու է Իրանում առկա քաղաքական ճգնաժամը` սրբազան Մաշադ քաղաքում նախատեսվող հանդիպման ժամանակ:Ուրբաթ օրը Թեհրանի համալսարանի ավանդական աղոթքի ժամանակ Ռաֆսանջանիի ելույթը Իրանի քաղաքական շրջանակներում հակասությունների պատճառ է դարձել:
Իր ճառում Իրանի նախկին նախագահը հայտարարել էր, որ Իրանում իսլամական իշխանության հաստատումը առանց ժողովրդի աջակցության անհնար կլիներ: Պահպանողական հոգեւորականները այս հայտարարությունը դիտարկում են որպես Իրանի իսլամական հանրապետությունում գործող քաղաքական համակարգի քննադատություն: Նրանք Ռաֆսանջանիին, ով նաեւ բարձրաստիճան հոգեւորական է եւ ազդեցիկ կրոնական գործիչ, մեղադրում են ուրբաթօրյա ավանդական աղոթքը չարաշահելու եւ հունիսյան ընտրություններում պարտված ընդդիմադիր թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի օգտին քարոզելու մեջ:
Ռաֆսանջանին, մասնավորապես, առաջարկել է ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են ետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նա ասել է, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որ յուրաքանչյուր ոք ազատ արտահայտվելու հնարավորություն ունենա:
Հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթել է Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Ընդդիմադիր թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի աջակիցները բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք վերաճել են ոստիկանության եւ իշխանամետ Բասիջ զինված խմբավորումների հետ բախումների:
Ետընտրական բախումներում զոհվել է ավելի քան 20 մարդ: Որոշ տվյալներով, ավելի քան 2000 մարդ՝ բարեփոխականներ, փաստաբաններ, ընդդիմադիրներ ձերբակալվել են անցած շաբաթների ընթացքում: