Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախմբի ատենապետը հիասթափված է երեք նախագահների հայտարարությունից


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը «խորը հիասթափություն» է արտահայտել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հուլիսի 10-ի հայտարարության կապակցությամբ` այն որակելով որպես համանախագահների կողմից գործադրվող ճնշում:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Խաչիկյանը երեքշաբթի օրը նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որում նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կողմից «միակողմանի եւ վտանգավոր զիջումներ» ապահովելու` Մինսկի խմբի մոտեցումը կարող է սպառնալ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգությանը, մեծացնել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հավանականությունը եւ հարցականի տակ դնել այդ հակամարտության կողմերի` իրոք տեւական եւ կայուն խաղաղության հասնելու կարողությունը:

Հայ դատի հանձնախմբի ատենապետի համոզմամբ` խաղաղ գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը հիմնարար նշանակություն ունի դրա հաջողության համար:

«Որպես հակամարտության անմիջական կողմ, Ադրբեջանի ագրեսիայի ուղղակի զոհ եւ տարածաշրջանային խաղաղության որոնումների լիարժեք մասնակից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է լիիրավ եւ հավասար մասնակից լինի խաղաղ գործընթացի բոլոր դրսեւորումներում», - ասված է Քեն Խաչիկյանի նամակում:

Նույնպիսի մտահոգություններ են արտահայտված նաեւ Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպաններին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետի հղած նամակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG