Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը հաստատեց 48 միլիոն Հայաստանի, 10 միլիոն` Ղարաբաղի համար


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է 2010 թվականին 48 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, 10 միլիոն դոլարի օգնություն` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության հավասարակշռությունը:

Հաղորդելով այդ մասին, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի համար օգնության տվյալ ծավալները ավելի վաղ արժանացել էին Պալատի հատկացումների հանձնաժողովի հավանությանը:

Ինչպես տեղեկացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, հանրապետական Մարկ Քըրքը, հինգշաբթի երեկոյան ընդունված օրինագիծը պարունակում է նաեւ նոր պահանջ, որպեսզի վարչակազմը խորհրդակցի Կոնգրեսի հետ` Ադրբեջանին հատկացվող օգնության նկատմամբ «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 ուղղման գործողությունը սառեցնելուց առաջ:

Ներկայացուցիչների պալատը հաստատել է նաեւ 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն Հայաստանի եւ Ադրբեջանի համար եւ եւս 450-ական հազար դոլար` ռազմական ուսուցման եւ վարժանքների համար, ինչպես առաջարկել էր Հատկացումների հանձնաժողովը:

Սենատի հատկացումների հանձնաժողովը օրերս հավանություն տվեց Հայաստանին 30 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու` վարչակազմի առաջարկին: Սենատի հանձնաժողովի հավանությանը արժանացած նախագծում Ղարաբաղի համար օգնություն նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG