Մատչելիության հղումներ

7 մարզերի 56 բնակավայրեր հոսանքազրկված են եղել, որոշները՝ մոտ 12 ժամ


«Հայաստանի էլեկտրական ցանցերն» այսօր հայտնել է, որ 7 մարզերի 56 բնակավայրեր հոսանքազրկված են: Տարածած հայտարարության մեջ նշել են, թե պատճառը տեղացած առատ ձյունն է, ու որ «բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ»։

ՀԷՑ-ի տարածած լուսանկարներում երևում են տապալված հոսանքալարերի մետաղական հենարաններ: Լոռու և Տավուշի մարզերի «Ազատության» զանգահարած բնակավայրերում ասացին՝ անցած գիշեր հոսանք չեն ունեցել: Մի քանիսում առավոտյան, որոշներում այսօր կեսօրից հետո են հոսանքը միացրել:

Լոռու մոտ 150 բնակիչ ունեցող Սարալանջ գյուղը ՀԷՑ-ի հրապարակած մեծ ցանկում էր: Գյուղի վարչական ղեկավար Արթուր Սարոյանն ասաց՝ անցած կեսգիշերից մոտ 12 ժամ հոսանք չեն ունեցել. «Պատճառը բուքն էր, շատ էր ուժեղ քամին»:

Տավուշի սահմանամերձ Կոթի, Բերդ ու Բարեկամավան գյուղերից փոխանցեցին, որ այսօր ավելի վաղ՝ առավոտյան է վերականգնվել էլեկտրամատակարարումը: Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանի խոսքով՝ գիշերը ձյուն տեղաց՝ լարերը չդիմացան:

Այսօր ավելի ուշ ՀԷՑ-ը նոր հայտարարություն տարածեց՝ վստահեցնելով, թե գրեթե բոլոր վթարված հոսանքալարերը վերականգնվել են. «Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով, այդ թվում՝ Այրում գյուղում ամբողջությամբ վերականգնվել է հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը»:

Ըստ հրապարակման՝ այստեղ օդային գծի երկու մետաղական հենարաններ էին վնասվել: ՀԷՑ-ից հայտնում են նաև, որ հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի Կամոյի ենթակայանը, որի ուղղությամբ էլ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ: Երեկոյան տարածած հաղորդագրության մեջ կանխատեսել են, որ 1-2 ժամվա ընթացքում էլեկտրաէներգիան ամբողջությամբ կվերականգնվի:

Ամանորի նախօրեին հրդեհվել էր Երևանի «Վարդաշեն» ենթակայանը, որի հետևանքով Էրեբունի վարչական շրջանի ավելի քան 50 հազար բաժանորդ էր հոսանքազրկվել:

Դեկտեմբերի վերջին օրերին, անգամ Ամանորի զանգերին նախորդած ժամերին հոսանքազրկումներ կային Երևանում ու մարզերում:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում վթարների նախնական վարկածի մասին էր գրել, թե էլեկտրական բեռը կտրուկ ավելացել է: Թվեր էր հրապարակել, ըստ որոնց՝ նախորդ տարվա Ամանորի համեմատ Հայաստանում մոտ 20 տոկոսով ավելացել է հոսանքի սպառումը:

Անցած գիշերը հոսանքազրկված ավելի քան 50 բնակավայրերը հիմնականում գյուղեր էին: Սարալանջի վարչական ղեկավար Արթուր Սարոյանն ասաց՝ իրենց փոքրիկ գյուղում տները հիմնականում փայտի կամ ածուխի վառարաններով են ջեռուցում:

Տավուշի սահմանամերձ Մովսեսում, ըստ վարչական ղեկավարի, աստիճանաբար գազի ու հոսանքի են անցնում, բայց գյուղի կեսը դեռ վառարանների հույսին է:

Հատկապես գյուղերից մաշված էլեկտրասյուների ու հոսանքալարերի մասին դժգոհությունները հաճախակի են: Սարալանջից ասում են՝ անցած 2025-ին որոշ վերանորոգումներ եղել են: Վարչական ղեկավարը, դարձյալ պնդելով, թե գիշերվա հոսանքազրկումը առատ ձյան հետևանքով էր, հույս ունի, թե հետագայում ավելի քիչ կլինեն վթարները:

Ամանորի նախօրեին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը բաժանորդներին հորդորել էր «հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրական էներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից՝ դրանով լրացուցիչ չծանրաբեռնելով բնակարանների սպառման սխեման»: Պետրոսյանը հայտնել էր նաև, թե որոշ հասցեներում կանխարգելիչ անջատումներ են իրականացնում «բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացնելու և վթարային իրավիճակներից խուսափելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG