Մատչելիության հղումներ

Վիգեն Չիտեչյանը` Հայաստանի դեսպան Ֆրանսիայում, Ավետ Ադոնցը` Բելգիայում


Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Վիգեն Չիտեչյանին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ, համատեղության կարգով, Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիտեչյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ):

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Բրյուսել): Նախագահի մայիսի 27-ի հրամանագրով Ավետ Ադոնցը, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար:

Վիգեն Չիտեչյանը 68 տարեկան է, տեխնիկական գիտությունների դոկտոր է, շուրջ 150 գիտական աշխատությունների հեղինակ: Տարբեր տարիների աշխատել է Հայաստանի արդյունաբերության փոխնախարար, պետնախարար, փոխվարչապետ, 1997 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի` ղեկավարելով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուսքեմբուրգում, Հայաստանի առաքելությունները ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում:

Ավետ Ադոնցը 46 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ է: 1992 թվականից աշխատել է Հայաստանի արտգործնախարարության համակարգում, այդ թվում` Բելգիայում Հայաստանի դեսպանությունում, Եվրամիությունում Հայաստանի առաքելությունում: 2002-2007 թվականներին աշխատել է Հայաստանի նախագահի աշխատակազմում` որպես արտաքին կապերի վարչության պետ: 2007 թվականի մայիսի 31-ին ստացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, եւ մինչ նոր նշանակումը Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG