Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ համատեղ հռչակագիր է ստորագրվել


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Հանրապետության ղեկավարի հետ հանդիպումից հետո Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են Հայաստանի կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ համատեղ հռչակագիրը, որով կողմերը ողջունում են ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի բանակցություններում գրանցված լավ առաջընթացը եւ շեշտում ապագա Ասոցիացման համաձայնագրի շրջանակում երկկողմ` խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը ուղղված` Հայաստանի Հանրապետության հետագա քայլերի կարեւորությունը:

Փաստաթղթով ՀՀ կառավարությունը եւ Եվրահանձնաժողովը նաեւ ստանձնում են հանձնառություն` ավելի ակտիվորեն հետամուտ լինել Եվրոպական հարեւանության քաղաքական ուղենիշներին, ինչը կամրագրվի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական Հանձնաժողովի կողմից համատեղ մշակվելիք` բարեփոխումներին միտված գործընկերության շրջանակներում: Հռչակագրի համաձայն, դրանք կուրվագծեն համագործակցության այն ոլորտները, որոնք կարող են լինել մեր հարաբերությունների կիզակետում` ԵՄ գործիքների եւ միջոցների օգնությամբ:

Հռչակագրով վերահաստատվում է Հայաստանի Հանրապետության հստակ հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը եւ ընդգծվում Եվրոպական Հանձնաժողովի պատրաստակամությունը՝ տրամադրելու ավելի մեծ աջակցություն բարեփոխումների իրականացման համար, ներառյալ բյուջետային աջակցության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական Հանձնաժողովի միջեւ համաձայնեցված` Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG