Մատչելիության հղումներ

Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանը կմնա Հունգարիայի էներգամատակարարման հիմնական օղակը


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա կատարած այցի ժամանակ խոստացել է, որ Ռուսաստանը կմնա իր երկրի հիմնական էներգամատակարարը:

«Ես կցանկանայի վերահաստատել, որ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումները Հունգարիայի էներգամատակարարման հիմքն են կազմում հիմա և այդպես էլ կմնան ապագայում», - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Օրբանը:

Հունգարիայի վարչապետն այսօր է ժամանել Կրեմլ՝ ՌԴ առաջնորդի հետ բանակցությունների: Պուտին-Օրբան հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Հունգարական պատվիրակության կազմում է նաև արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը հայտարարել էր. - «Ես գնում եմ (Մոսկվա), որպեսզի համոզվեմ, որ Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված կլինի այս ձմռանը և հաջորդ տարի»:

Հարցին, թե արդյոք Ուկրաինայում խաղաղության ջանքերը նույնպես կլինեն օրակարգում, Օրբանը պատասխանել էր. «Մենք դժվար թե կարողանանք խուսափել դրանից»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետի միջև Վաշինգտոնում ամսվա սկզբին տեղի ունեցած հանդիպումից հետո Սպիտակ տան պաշտոնյան հայտարարեց, որ ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա հանդիպմանն ասել է, որ դեռ ուրախ կլինի Բուդապեշտը ընտրել որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման վայր։

Պուտինը և Թրամփը հոկտեմբերին համաձայնության էին եկել հանդիպել Հունգարիայի մայրաքաղաքում, սակայն Թրամփը չեղարկեց հանդիպումը՝ ասելով, որ չի ցանկանում, որ այն ժամանակի վատնում լինի։


XS
SM
MD
LG