Մատչելիության հղումներ

Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում ուսումնասիրելու է գաղտնի փաստաթղթեր

Սահմանադրական դատարանը 5-րդ օրն է՝ շարունակում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը: Այսօր ՍԴ-ն փակ նիստում քննում է գաղտնի ցուցակների հետ կապված հարցերը:

«Այսօր ուսումնասիրելու ենք գաղտնի փաստաթղթեր: Դրանք ուսումնասիրելու համար այս դատավարությունում մեկ փուլ է, փակ դռների հետևում է լինելու: Միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը:

Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել են 7 քաղաքական ուժերի դիմումները:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG