Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 17-ին լրանում է Դատախազությանը ցուցարարների տված վերջնաժամկետը


Գյումրիի բողոքի ցույցի մասնակիցները Շիրակի մարզպետարանի դիմաց, 14-ը հունվարի, 2015թ․
Գյումրիի բողոքի ցույցի մասնակիցները Շիրակի մարզպետարանի դիմաց, 14-ը հունվարի, 2015թ․

Մինչ այդ տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությունը:

Այսօր ժամը 17-ին լրանում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մերձակայքում քաղաքացիների հայտարարած վերջնաժամկետը:

Երեկ հազարավոր գյումրեցիներ ռուսական ռազմաբազայի տարածքում 22 ժամ հատկացրեցին Հայաստանի դատախազությանը, որոշելով սպասել մինչև Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների՝ այսօր նախատեսված հուղարկավորության ավարտը: Ցուցարարների պահանջն է, որ ընտանիքի անդամների սպանդի համար մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնեն Հայաստանի արդարադատության համակարգին:

Հունվարի 12-ի առավոտյան իրենց տանը սպանված են գտել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, սպանվածների թվում է նաև երկու տարեկան աղջնակը, նրա փոքրիկ՝ 6 ամսական եղբայրը ծանր վիճակում հիվանդանոցում է, բժիշկները պայքարում են մանկան կյանքի համար:

Դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում բացի հայաստանյան իրավական համակարգից հանդես են գալիս նաև Ռուսաստանի քննչական մարմինները: Իրավաբաններն այս իրավիճակը համարում են իրավակարգից դուրս: Իրավապաշտպանները պնդում են, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության գործը Ռուսաստանին հանձնելը «քաղաքական որոշում է»:

Հայաստանի գլխավոր դատախազը երեկ Երևանում՝ բողոքի ցույցին զուգահեռ երկրի նախագահի նստավայրում այս գործով տեղի ունեցած արդեն երկրորդ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց, որ այսօր ժամը 10-ին լինելու է Գյումրիում: Գևորգ Կոստանյանը «Ազատության» հարցերին ի պատասխան վստահեցրեց, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում:

Գյումրեցիները երեկ պնդում էին, որ հաստատակամ են իրենց պահանջների կատարման հարցում, և ասում էին, որ հետագա քայլերը կախված է վերջնագրի պահանջի կատարումից:

XS
SM
MD
LG