Մատչելիության հղումներ

Գյումրեցի ցուցարարները վերջնաժամկետ տվեցին դատախազությանը


Ցուցարարները 22 ժամ տվեցին դատախազությանը՝ խոստանալով կրկին հավաքվել ու, կախված դատախազության պատասխանից, որոշել իրենց հետագա քայլերը։

Գյումրու 102-րդ ռազմաբազայի շրջակայքում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու եկած Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հեռախոսազրույցից հետո, վկայակոչելով գլխավոր դատախազին, նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի հետագա ճակատագրի վերաբերյալ այս պահին խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնք շարունակվելու են նաև վաղը։

«Քննարկումները տեղի են ունենալու այսօր երեկոյան և շարունակվելու են վաղը առավոտյան ժամը 10-ին: Խորհրդակցությունների ավարտից հետո դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ», - հեռախոսազրույցից հետո փոխանցեց Ասլանյանը:

Ցուցարարները 22 ժամ տվեցին դատախազությանը՝ խոստանալով 22 ժամ հետո կրկին հավաքվել ու, կախված դատախազության պատասխանից, որոշել իրենց հետագա քայլերը։

Բողոքի ակցիայի մասնակիցները այսօր Գյումրու մարզպետարանի, Ռուսաստանի հյուպատոսարանի և Դատախազության շենքի առջև բողոքի ակցիաներից հետո հասել էին 102-րդ ռազմաբազայի մոտ, որտեղ ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։ Քաղաքացիները պահանջում են վեց հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավահներին։

Այսօր լրանում է Պերմյակովի խափանման միջոցը ընտրելու ժամկետը։ Ըստ «Ազատության» տեղեկությունների, նրա խափանման միջոցի հարցը որոշելու է Երևանում տեղակայված ռուսական հինգերորդ կայազորի դատարանը։ Պերմյակովին Երևան չեն տեղափոխելու, ռուս դատավորն է ժամանելու Գյումրի ու հենց ռուսական զորամասում էլ կայանալու է դատական նիստը։

Գյումրեցի փաստաբանները հրաժարվել են պաշտպանել Պերմյակովի շահերը։ Փաստաբանների պալատից ևս տեղեկացրին, որ իրենց Պերմյակովին փաստաբան տրամադրելու համար չեն դիմել։

Այսօր ցերեկը գյումրեցիները բողոքի ավտոերթով ուղղվեցին դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան՝ պահանջելով Ավետիսյանների ընտանիքի անդամներից 6-ին սպանելու և մի քանի ամսական փոքրիկին ծանր վիրավորելու համար կասկածվող Պերմյակովին և գործի քննությունը հանձնել հայկական կողմին։

Իրավապահները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ հյուպատորարանին, հաջորդեց հրմշտոց, ապա ցույցի մասնակիցները ուղղվեցին դեպի Շիրակի մարզպետարան: Այստեղ նրանք ձվեր նետեցին շենքի վրա և ռուսերեն «Կոշկին դոմ» գրությամբ թղթեր փակցրեցին ապակիներին, ինչին ևս հաջորդեց հրմշտոց ոստիկանների հետ։

Գյումրեցիների բողոքի ակցիային հետևեց Հայաստանի քննչական կոմիտեի հայտարարությունը, որում ասվում էր, որ որոշում է կայացվել Պերմյակովին Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրեց, որ Հայաստանի օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ:

«Ավետիսյանների ընտանքի վեց անդամի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանում շարունակվում է իրականացվել անհրաժեշտ քննչական գործողությունները հանցագործության բացահայտման ուղղությամբ։ Այսինքն բոլոր հանգամանքների հետազոտման, պարզաբանման համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են հարցաքննություններ»,- «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության հիմնական կասկածյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, փաստարկելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել այլ պետության։

Գյումրիում երեկոյան տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հոգեհանգստի արարողությունը: Սուրբ Նշան եկեղեցու մոտ կային ծաղկեպսակներ նաև նախագահի և կառավարության անունից:

«Մերոնք պիտի լինեն դոմինանտ հետաքննողներն ու քննիչները, ռուսները ուզում են թող օգնեն, չեն ուզում, թող չօգնեն: Այստեղ պիտի դատվի և այստեղ պիտի նստի և չպիտի արտահանձնվի: Առաջին քայլրը այդ կասկածյալին, գործը Հայաստանի արդարադատությանը հանձնելն է, ոչ թե պարզապես լինի Հայաստանի դատախազության հսկողության տակ, ինչպես այսօր հայտարարեցին հանրահավաքի կեսին: Ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի իշխանությունների վրա, եթե էդ մարդուն չբերեցին հայկական արդարադատության համակարգ և ամեն ինչ մինչև վերջ չպարզվեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG