Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը վստահեցնում է՝ «հանցագործը պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում»


Այսօր Գյումրիում և Երևանում տեղի ունեցած բազմամարդ բողոքի ցույցերից հետո հայ և ռուս պաշտոնյաները հանդես եկան Գյումրիի սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններով։

Մասնավորապես, Հայաստանի նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վաղը առավոտյան ժամը 10-ին կլինի Գյումրիում։

«Այս ոճրագործությունը, այս հանցագործությունը ամբողջ ժողովրդի խնդիրն է, և մեր նպատակն է նույնը, այսինքն՝ բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի ոճրագործը, հանցագործը ենթարկվի, օրենքի ամբողջ խստությամբ, պատասխանատվության, և ես վստահեցնում եմ, որ ինքը՝ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետությունում, և մենք բոլորս հնարավորություն կունենանք թե՛ հետևել ամբողջ ընթացակարգին և թե՛ մենք կտեսնենք ամբողջ պատասխանատվության ենթարկելու գործընթացը», - հայտարարեց գլխավոր դատախազը:

«Միաժամանակ, որևէ բան Հայաստանը որևէ մեկին երբեք չի զիջում: Ականատես կլինենք բոլորս, երբ որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ակտիվ գործունեությունը ևս այդ առումով կիրականացվի, ինչը, ես կարծում եմ, բոլորի համար հիմք կհանդիսանա, և տեսանելի կտեսնի, որ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձին հետևողականորեն ձեռնամուխ է լինելու պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացում»,- ասաց Կոստանյանը։

Այսօր երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը ասել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ռուսական 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են:

«Բանակի գեներալ Արկադի Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան իրավապահ մարմինները, փոխանցում է հաղորդագրությունը։

Այսօր Գյումրիում և Երևանում ցուցարարները պահանջում էին վեց հոգու սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի գործը հանձնել հայ իրավապահներին։ Գյումրիում ցուցարարները 22 ժամ տվեցին դատախազությանը՝ խոստանալով վերժնաժամկետի ավարտին կրկին հավաքվել, և կախված դատախազության պատասխանից, որոշել իրենց հետագա քայլերը։

Երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության հիմնական կասկածյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, փաստարկելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել այլ պետության։

Միաժամանակ այսօր Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ որոշում է կայացվել Պերմյակովին Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

XS
SM
MD
LG