Մատչելիության հղումներ

logo-print

Քննչական կոմիտե․ Պերմյակովը կներգրավվի որպես մեղադրյալ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Գյումրիում մեկ ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության մեղադրանքով կներգրավվի որպես մեղադրյալ: Այս մասին քիչ առաջ հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեն:

«Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի 2015 թվականի հունվարի 14-ին որոշում է կայացվել վերջինիս ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին», - մասնավորապես ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Կոմիտեից նաև հայտնում են, որ Գյումրիում կատարված սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է:

«Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո Ռուսաստանի Դաշնության զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև բռնվելու հանգամանքները», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ մի շարք փորձաքննություններ են նշանակվել, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:

Գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG