Մատչելիության հղումներ

Փաստաբան․ «Այս գործով ստեղծվել է իրավական հարթությունից դուրս իրավիճակ»


Գյումրիի սպանդի առիթով հարուցվել է երկու քրեական գործ:

Գյումրեցի ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը Հայաստանի քննչական կոմիտեում (ՀՔԾ) հարուցված քրեական գործով այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ըստ ՀՔԾ-ի պաշտոնական տեղեկատվության, նրան մեղսագրվում է երկու կամ ավելի անձանց սպանության արարք Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար հիմք են հանդիսացել նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները։

«Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո Ռուսաստանի Դաշնության զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև բռնվելու հանգամանքները», - փոխանցում է ՀՔԾ-ն՝ նշելով, որ մի շարք փորձաքննություններ են նշանակվել, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:

Հայաստանի գլխավոր դատախազությունն իր հերթին տարածել է հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ շարունակում է վերահսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ և միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ուղղությամբ։

Հիշեցնենք, Հայաստանի քննչական կոմիտեն ընտանիքի 6 անդամների սպանության փաստով քրեական գործը հարուցեց հենց դեպքի օրը՝ հունվարի 12-ին: Հետո հայտնի դարձավ, որ ռուսական կողմն իր հերթին նույն դեպքի առիթով հարուցել է քրեական գործ՝ սպանության ու դասալքության հատկանիշներով։ Իսկ երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելն ըստ էության անհնար է, նման հարց չի էլ քննարկվում։

Այս պայմաններում ի՞նչ արդյունք կարող է ունենալ Հայաստանում ընթացող նախաքննությունը, եթե այն տարվում է առանձին և որևէ կապ չունի Ռուսաստանում հարուցված քրեական գործի նախաքննության հետ։ Հայաստանի քննչական մարմիններն ու դատախազությունը խուսափում են այս հարցի պատասխանից՝ միայն ասելով, թե նախաքննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Իսկ փաստաբանների համար իրավիճակը խիստ անորոշ է։ Լուսինե Սահակյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ռուսական կողմն իրավունք չուներ քրեական գործ հարուցել սպանության հատկանիշներով. - «Ընդհանրապես այս գործով կա բավականին տարօրինակ իրավիճակ, որը ըստ էության դուրս է իրավական հարթությունից: Եթե նայում ենք միջպետական պայմանագիրը, ապա ըստ դրա էլ նրանք իրավունք չունեին հարուցելու քրեական գործ սպանության փաստի առթիվ: Սպանության փաստի առթիվ քրեական գործը պետք է հարուցվեր Հայաստանի Հանրապետությունում համապատասխան իրավապահ մարմինների կողմից: Ռուսները իրավունք ունեին հարուցելու քրեական գործ միայն դասալքության փաստով: Հիմա ստացվում է, որ քանի որ իրականում իրավական հարթությունից դուրս իրավիճակ է ստեղծվել․ կա երկու քրեական գործ, երկուսն էլ սպանության փաստի առթիվ, և անձը որպես մեղադրյալ ներգրավվում է միևնույն փաստի առթիվ և տարբեր պետությունների իրավապահ մարմինների կողմից»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Հայաստանի տարածքում կատարված հանցագործության փաստի առիթով անմիջապես քրեական գործ հարուցելը Հայաստանի քննչական մարմինների պարտականությունն է: Այլ հարց է, ըստ նրա, որ Պերմյակովին ռուսական կողմին հանձնելով իրավիճակ է փոխվել. - «Եթե հայտարարում եք, որ նախաքննությունը իրականացնելու են ռուսական իրավապահ մարմինները, ապա այդ դեպքում ո՞րն է հայկական կողմից քննչական գործողություններ կատարելու իմաստը և նպատակը: Եթե ի վերջո հայկական արդարադատության առաջ տվյալ անձը չի կանգնելու: Որովհետև ամեն դեպքում քրեական գործով քննչական գործողություններ կատարելու նպատակը նախ այդ հանցագործության հանգամանքները բացահայտելն է, և երկրորդը՝ մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելը: Եթե դուք հնարավորություն չեք ունենալու, կամ ինքնակամ հայտարարում եք, որ հրաժարվում եք պահանջել, որպեսզի ինքը հանձնվի ձեզ, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ գործողություն կատարել: Այս պայմաններում ասել, թե մեր մոտ հարուցված քրեական գործը ինչ ճակատագիր կունենա, իրոք դժվար է ասել»:

Հարցին, թե կարող է արդյոք Հայաստանի դատախազությունը վերահսկողություն սահմանել Ռուսաստանում ընթացող նախաքննության նկատմամբ, փաստաբանն արձագանքեց․ - «Իհարկե չի կարող: Տարբեր ինքնիշխան պետությունների իրավազորության մասին է խոսքը: Եթե ռուսական մարմիններն են քննելու, հայկական կողմը չի կարող որևէ կերպ վերահսկի»:

XS
SM
MD
LG