Հինգշաբթի, հոկտեմբերի 23, 2014 Ժամանակը Երեւանում 16:21

Իրավունք

Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է նրան ազատ արձակելու հարցով

Վարդան Պետրոսյանի պաշտպանը դերասանին ազատ արձակելու հարցով դիմել է դատարանi
|| 0:00:00
...
 
🔇
X
14.11.2013
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է դատարան դերասան Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու կամ խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցով։

Վարդան Պետրոսյանի պաշտպանը դերասանին ազատ արձակելու հարցով դիմել է դատարան

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է նրան ազատ արձակելու հարցով

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Պետրոսյանի պաշտպանը խնդրել է վերացնել նրան կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի շաբաթ օրը կայացրած որոշումը և դերասանին ազատ արձակել կամ խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։ Գրավի՝ օրենքով սահմանված նվազագույն չափը 500 հազար դրամն է, որը դերասանը պատրաստ է վճարել։

Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ նաև Կոտայքի մարզի դատախազին է դիմել կալանքի միջնորդությունը վերացնելու հարցով՝ ներկայացնելով երկու հատոր երաշխավորագրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ 

Փաստաբանը հիմնավորված չի համարում դերասանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի նոյեմբերի 9-ի որոշումը։ Մեղադրողի միակ փաստարկը, ըստ պաշտպանի, եղել է Վարդան Պետրոսյանի Ֆրանսիայի քաղաքացի լինելը, որ նա կարող է Ֆրանսիայի անձնագրով հեռանալ ու թաքնվել քննությունից։ Այդ հիմքը բացառելու համար իրենք անձնագիրը հենց դատարանի դահլիճում հանձնել են քննիչին, բայց, այդուհանդերձ, դատարանը կալանավորման որոշում է կայացրել` վկայակոչելով ոչ միայն Պետրոսյանին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև իրավիճակի բարոյական կողմը: Այսպես, դատարանի որոշման մեջ նշված է. «Կատարված հանցագործությունը առաջացրած հետևանքների իմաստով շատ ծանր է, այն կյանքից զրկել է երկու երիտասարդ տղաների՝ իրենց ծաղկուն տարիքում. այս հանգամանքը դատարանը դնում է միջնորդությունը բավարարելու հիմքում ՝ նաև մարդկային բարոյականության տեսանկյունից ելնելով»:

«Նման հիմք Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում», - պնդեց Նիկոլայ Բաղդասարյանը` մեջբերելով օրենսգրքի պահանջը, ըստ որի` խափանման միջոց ընտրվում է, եթե անձը կարող է թաքնվել, խոչընդոտել քննությունը, կեղծել գործի նյութերը, կատարել Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից։ Այս կետերից որևէ մեկը, ըստ Բաղդասարյանի, Վարդան Պետրոսյանին չի վերաբերում։

Փաստաբանը չհամաձայնեց նախաքննական վարկածին, թե դերասանը շատ արագ է վարել մեքենան, ինչի հետևանքով չի կարողացել կառավարել և հարվածել է դիմացի մեքենային։ Ասաց՝ արագությունը եղել է   մոտ 71 կմ/ժամ, վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունն էլ վկայում է, որ Վարդան Պետրոսյանը եղել է սթափ վիճակում։

Հարցին, թե հնարավոր համարում է թմրամիջոց կամ ալկոհոլ չօգտագործած վճակում 71 կմ/ժամ արագությամբ ընթանալով նման վթարի ենթարկվել, որն ունենա ողբերգական հետեւանքներ, Բաղդասարյանը արձագանքեց. - «Կարելի է ավտոմեքենան վարել 40 կմ/ժամ արագությամբ սթափ վիճակում, և էլի բախվի կամ վրաերթի ենթարկի այլ անձի, ծանր հետևանքներ առաջանան: Այստեղ կարևորը օբյեկտիվ ճշմարտությունն է՝ ինչպես է տեղի ունեցել ավտովթարը»։

Այս վթարի ճշգրիտ պատկերը, ըստ փաստաբանի, կպարզի քննությունը։ Բաղդասարյանի փոխանցմամբ,   դեռևս հստակ չէ՝  հարվածի պահին այդ «Նիվա» մակնիշի մեքենան եղել է կայանվա՞ծ, թե՞ հետ է ընթացել: Տուժողների ցուցմունքները վթարի վերաբերյալ հակասական են։

Տուժող կողմի պաշտպան Մարատ Գինոսյանը, մինչդեռ, համաձայն չէ այս պնդումներին և չի կարծում, որ դատարանը կալանքի վերաբերյալ ապրիորի որոշում է կայացրել. - «Ես գտնում եմ, որ արդարացված է, որովհետև մենք ունենք այդ չարաբաստիկ, ողբերգական դեպքը, որի հետևանքով երկու ընտանիք կորցրեցին իրենց միակ զավակներին, ունենք անձը, որի գործողությունների հետևանքով կատարված է այդ ողբերգությունը, և ունենք նաև հիմնավոր կասկածներ: Դրանք տուժողների ցուցմունքներն են, փորձաքննության եզրակացությունները, որով հիմնավորվել է Վարդան Պետրոսյանի մեղքը։ Ավելին ասեմ, երբ ես տեսնում եմ այդ մեքենաների բախման հետևանքով առաջացած վնասը, հատուկ գիտելիքներ պետք չեն, որպեսզի մարդ պատկերացում կազմի, թե ինչ արագությամբ է բախվել «Նիվա» մակնիշի մեքենային։
Ոչ թե 70... ես 90 էլ չեմ ասի, ես100 և ավելի կասեմ արագությունը»:

«Լրատվամիջոցները երբեմն անձնավորեցնում են՝ ինչո՞ւ Վարդան Պետրոսյանի հարցով պետք է այսպես լիներ... Քավ լիցի, դա կարող է լիներ ուրիշ մարդ։ Պրակտիկան ունի այդպիսի իրավիճակ, երբ թեկուզ մեկ անձի մահվան դեպքում որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը։ Ո՞ւր մնաց երկու մարդ, գումարած՝ մի երիտասարդ աղջնակ տարբեր կոտրվածքներով՝ ողնաշարի, ոտքի, ձեռքի կոտրվածքներով, երբ իր հարազատը, ծնողը չգիտի՝ կվերականգնվի՞ ամբողջովին առողջությունը, թե՞ կդառնա հաշմանդամ այդ երեխան», - նշեց նա։

Մարատ Գինոսյանը կասկածի տակ է առնում վարորդի սթափության վերաբերյալ վերջին եզրակացությունը` պնդելով, որ դեպքից անմիջապես հետո Էրեբունի բժշկական կենտրոնի մասնագետներն այլ եզրակացության են հանգել։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականը կարող է նպաստել դերասանի խափանման միջոցի փոփոխությանը, ապա տուժող կողմի փաստաբանը չէր կարծում ,որ խափանման միջոցների օրենսդրական հիմքերը վերանայելու վերաբերյալ հանձնարարականը կոնկրետ    Վարդան Պետրոսյանին է վերաբերում։

Իսկ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը այդ կապակցությամբ ասաց. - «Նախագահը կարող է որպես տեսակետ հայտնել, սակայն չի կարող միջամտել դատական գործընթացներին»։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը