Մատչելիության հղումներ

Նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից, այսօր հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Միաժամանակ, իր պարզաբանման մեջ, որը հրապարակվել է՝ «նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը», գլխավոր դատախազությունը վստահեցնում է․ - «Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը»:

«Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել ևս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ և չի կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ իր հիմքում ունի մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչնդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ», - նշում է գլխավոր դատախազությունը՝ հավաստիացնելով, որ տվյալ քրեական գործի նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն, և նախաքննության ընթացքում նոր ապացույցների ձեռքբերման, ինչպես նաև գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունների քննարկման արդյունքում քրեական գործի ընթացքի և կայացվելիք որոշումների վերաբերյալ հանրությունը պատշաճ կիրազեկվի:

«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության Նախագահի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի», - ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ - Երևան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-ից մինչև 10 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG