Մատչելիության հղումներ

Դերասան Վարդան Պետրոսյանը կբողոքարկի դատարանի որոշումը՝ կալանքը որպես իր նկատմամբ խափանման միջոց ընտրելը։

Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շաբաթ օրը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելով դերասանի նկատմամբ:

«Վստահ եմ, որ բողոքը բավարարվելու է, որովհետև մի քանի անգամ կարդացել եմ դատարանի որոշումը և կալանքի համար գոնե մեկ իրավական հիմք չեմ գտել այնտեղ»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հայտնի դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Երեկ Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում դերասանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները:

Մինչև կալանավորվելը դերասանը լրագրողների հետ զրույցում մեծ ողբերգություն է որակել տեղի ունեցածը` ցավակցելով զոհերի հարազատներին:

Միաժամանակ Պետրոսյանը տարակուսանք ու անվստահություն է հայտնել քննիչների գործողությունների նկատմամբ` վստահեցնելով, որ մտադիր չէ թաքնվել և պատրաստ է կրել պատիժը, եթե դատարանը նման վճիռ կայացնի։

«Եթե ինձ հասնում է նստել 4-10 կամ 14-20 տարի, ես նստելու եմ: Բայց թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ես մի մազ անգամ փորձելու եմ խուսափել պատասխանատվությունից»,- ասել է դերասանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG