Մատչելիության հղումներ

Նախագահը կարծում է՝ նախնական կալանքը պետք է բացառիկ դեպքերում կիրառվի


Դերասան Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել վերանայել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերը և դիտարկել այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը: Այս մասին այսօր տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել է գլխավոր դատախազությունը՝ անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորման փաստին։

Չնայած դերասանի կալանավորումից հետո հասարակության շրջանում ի հայտ եկած դժգոհության մեծ ալիքին, դատախազությունը ընդգծում է, թե նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր Վարդան Պետրոսյանին կալանավորելու համար: Միաժամանակ գլխավոր դատախազությունը նկատում է, որ եթե նախաքննության որևէ փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն Պետրոսյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը:

Բացի այն, որ ըստ դատախազության՝ Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել վերանայել կալանավորումը որպեսզի խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերը, երեկ այս խնդրին անդրադարձել է նաև նախագահի խոսնակը: Արման Սաղաթելյանը, ի պատասխան «Պանորամայի» հարցին, ասել էր, թե նախագահը իրավասու չէ միջամտել իրավական գործընթացներին՝ միաժամանակ նշելով, որ Վարդան Պետրոսյանի հետ կապված զարգացումներն առիթ են դարձել, որպեսզի նախագահն անդրադառնա խափանման միջոցի հիմնահարցին:

«Նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները՝ Հայաստանի նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»,- ասել էր Արման Սաղաթելյանը:

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում է դրական լույսի ներքո ներկայանալ հանրությանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն «Ազատության» հետ զրույցում այս ամենը շոու է որակում: Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ երբ որոշվում էր Վարդան Պետրոսյանի կալանավորման հարցը, մամուլում և սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էր բարձրացել, և հետևաբար այդ մասին Սերժ Սարգսյանը չէր կարող տեղյակ չլինել: Փոստանջյանի համոզմամբ՝ եթե Սերժ Սարգսյանի համար իսկապես անընդունելի լիներ դերասանի կալանավորումը, ապա քննիչն ու դատավորը նման որոշում չէին կայացնի՝ հաշվի առնելով, որ նրանք երբեք ինքնուրույն որոշում չեն կայացնում։

«Սերժ Սարգսյանը որոշել է նորից հրեշտակի կարգավիճակով ներկայանալ հանրությանը՝ իբրև ինքը արդարության կրողն է, այդ իսկ պատճառով համապատասխան ուղերձ է հղել դատախազությանը, և դատախազությունն կփորձի վերանայել այդ կալանքի որոշումը»,- ասաց Փոստանջյանը՝ շարունակելով.- «Այո՛, այս ամենի մասին տեղեկացված եղել են, այս ամենը իրենց վերահսկողության ներքո է գտնվել, իմացել են, գնահատել են, որոշում են կայացրել կալանավորել, հետո անդրադարձ կատարել՝ իբրև թե նրանք բարի հրեշտակի ցանկությամբ միջամտում են»։

Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ այսպիսի շոուների հասարակությունը էլի է ականատես եղել. վառ օրինակը Մաշտոցի պուրակի բուտիկները, երբ նախագահը եկավ ասաց, որ սիրուն չէ, և քաղաքապետն էլ որոշեց դրանք քանդել:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խափանման միջոցի հետ կապված նախագահի հայտարարությունը հանրության կարծիքի վրա ազդելու նպատակ ունի, փորձ է արվում ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը նույնպես համաձայն չէ Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշման հետ:

Ինչ վերաբերում է օրենսդրությունը վերանայելու նախագահի հանձնարարականին, ապա Մարուքյանի փոխանցմամբ՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքով այդ փոփոխությունները արդեն կատարվում են, մասնավորապես, խափանման միջոցները ավելացվելու են, օրինակ, նախատեսվում է տնային կալանքի կիրառումը:

«Կարծում եմ՝ նախագահի կարծիքը կարող է ազդեցություն ունենալ, որովհետև նախաքննության մարմինը, ըստ էության, կարող է այդ կարծիքով կաշկանդվել։ Եվ մյուսը՝ ես սրան ավելի շատ նայում եմ հանրային կարծիքի վրա ազդելու տեսանկյունից։ Կա հանրային կարծիք՝ շատ նեգատիվ վերաբերմունք Վարդան Պետրոսյանի կալանավորման հետ կապված, և այստեղ նախագահի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածում, որ նախագահն էլ է վատ վերաբերվում։ Ըստ էության, միտքը սա է»,- ասաց Մարուքյանը։

Սակայն Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, թե նախագահի հանձնարարականը կապ չունի Վարդան Պետրոսյանի գործի հետ: Սահակյանի փոխանցմամբ՝ այժմ դատաիրավական բարեփոխումների ծրագիր է կազմվում, որտեղ նաև կալանքի խնդրին անդրադարձ կա, մասնավորապես, որոշ հանցագործությունների դեպքում մեղադրյալները չեն կալանավորվի:

«Դա նաև նախագահի տեսակետն է, որ նախնական կալանքը բացառիկ դեպքերում լինի»,- ասաց իշխող կուսակցության փոխնախագահը։
XS
SM
MD
LG