Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել


Դերասան Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյան

Նախաքննական մարմինը երեկ որոշում է կայացրել ձերբակալել դերասան Վարդան Պետրոսյանին: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Իրավապահները չեն մեկնաբանում որոշման պատճառը՝ արդյոք մտավախություն է եղել, որ Պետրոսյանը կթաքնվի քննությունից:

Նախօրեին հիվանդանոցից դուրս գրված դերասանը, սակայն, այսօր դարձյալ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: Ինչպես փոխանցեցին հիվանդանոցից, դերասանը ճնշման տատանումներ է ունեցել, սակայն հոսպիտալացման կարիք չի առաջացել: Այստեղից էլ Վարդան Պետրոսյանը ուղեգրվել և շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է հոգեկան առողջության վերականգնողական «Սթրես» կենտրոն:

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ - Երևան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ և 244-րդ հոդվածներով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը: Եթե Վարդան Պետրոսյանին այդ հոդվածներով առաջադրվի մեղադրանք, ապա դերասանին կարող է սպառնալ չորսից մինչև տասներկու տարվա ազատազրկում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG