Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը


Մամիկոն Ասլանյանը քվեարկում է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, 10-ը հոկտեմբերի, 2016թ․
Մամիկոն Ասլանյանը քվեարկում է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, 10-ը հոկտեմբերի, 2016թ․

Վանաձորի նորընտիր ավագանու՝ այսօր կայացած առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը․ նա ստացավ ավագանու 33 անդամներից 19-ի ձայները: Ընդդիմության թեկնածուն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը, ստացավ 14 ձայն։

Նշենք, որ առաջադրվել էր երկու թեկնածություն․ «Լուսավոր Հայաստանն» առաջադրել էր Քրիստ Մարուքյանին, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ Մամիկոն Ասլանյանին:

Ենթադրվում էր, մինչդեռ, որ ընդդիմադիր երեք ուժերի՝ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների՝ շաբաթ օրը ստորագրած հուշագրից հետո Քրիստ Մարուքյանն առնվազն 18 ձայն կստանա:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե այս ամենը «իշխող ուժի կողմից ավագանու անդամների նկատմամբ ճնշումների հետևանք է», և ավագանու հետագա նիստերի ընթացքում պարզ կլինի, թե ովքեր են Հանրապետականի թեկնածուի օգտին քվեարկած ընդդիմադիրները:

Շուրջ հինգ ժամ տևած ավագու նիստն անցավ աննախադեպ լարված մթնոլորտում: Մեկ ժամ շարունակ չէին կարողանում կազմակերպել քվեարկությունը: Պատճառն այն էր, որ նախապես հայտարարվել էր, թե բջջային հեռախոսով չի կարելի գնալ քվեարկելու: «Ազգային վերածնունդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պնդեց, թե այդպիսով խախտում են ընտրողի իրավունքը:

Նիստի մեկնարկից երեք ժամ անց միայն սկսված քվեարկությունը կարճ ժամանակ անց ընդհատվեց, քանի որ «Լուսավոր Հայաստան»-ի ավագանու անդամներից մեկը ընտրելուց հետո ցուցադրեց քվեաթերթիկը: Մինչդեռ նախապես հայտարարվել էր, որ քվեարկությունը գաղտնի է:

Դրանից հետո ավելի քան մեկ ժամ ավագանու անդամներն ու կուսակցությունների ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում: Էդմոն Մարուքյանը պնդում էր, որ բաց քվեարկություն պիտի լինի: Դրան կողմ էր նաև «Բարգավաճ Հայաստան»-ից ավագանու անդամ ընտրված Հրանտ Մարգարյանը:

Իսկ ավագանու հանրապետական անդամները, վկայակոչելով օրենքը, հակառակն էին պնդում:

Քվեարկությունից հետո «Ազատության» հետ զրույցում ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ճնշումների արդյունքում է ստացել ընտրվելու համար բավարար ձայներ, ասաց․ - «Ավագանու բոլոր 33 անդամները վանաձորցիներ են․ ո՞ւմ վրա ա ճնշում գործադրվել: Ո՞նց կարող ա չորս հոգու վրա ճնշում գործադրվի, ու որևէ մեկը դրա մասին տեղեկություն չունենա: Իսկ ձեզ ո՞վ ա ասել, որ ով որ իրան ընդդիմադիր ա հռչակել, ընդեղից մեզ ձայն չէին կարա տային»:

XS
SM
MD
LG