Մատչելիության հղումներ

«Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի, երբ երեք ուժերը քվեարկեն Քրիստ Մարուքյանի օգտին»․ Էդմոն Մարուքյան


«Մեր պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնելու երկուշաբթի օրը՝ քվեարկության ժամանակ, երբ որ 18 մանդատներ կրող մարդիկ քվեարկեն միասնական թեկնածուի օգտին, որից հետո կսկսենք համատեղ աշխատել», - երեկ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Շուրջ մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո, հիշեցնենք, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին Վանաձորի ավագանու կազմում ընդգրկված երեք ընդդիմադիր ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ստորագրեցին համաձայնության հուշագիր, որով պարտավորվում են նորընտիր ավագանու առաջին նիստին պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին:

«Տեսե՛ք, սա էլ է փորձ։ Հնարավոր է, որ համատեղ աշխատենք՝ չստացվի, հնարավոր է համատեղ աշխատենք՝ շատ լավ ստացվի։ Այստեղ կարևորը հետևյալն է՝ մոտավորապես 11 հազար ձայն մենք ենք ստացել, մոտավորապես 5 հազար ձայն՝ իրենք, մոտավորապես 3 հազար ձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 2.5- 3 հազար։ Եվ այս մասով, մենք պետք է հաշվի նստենք այն քաղաքացիների հետ, ովքեր ձայնը տվել են այս ուժերին», - ասաց Մարուքյանը՝ նշելով, որ սա փորձ է, և ընդդիմադիր ուժերը փորձում են համագործակցել։

«Կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ կասենք, որ չստացվեց, որովհետև այս բաները տեղի ունեցան։ Չէ՞ որ ամեն ինչ բաց է և երևում է, բայց մյուս կողմից՝ չփորձել և այս 18 հազար վանաձորցիներին ասել՝ «գիտե՞ք, մենք տարատեսակ ինչ-որ բաներ ունենք, ճիշտ է՝ մենք բոլորս ընդդիմադիր ձայներ ենք տարել, բայց ամեն դեպքում մենք գտնում ենք, որ մենք չպետք է համագործակցենք միասին, որովհետև իրենք ժամանակին սա են արել», նրանք էլ ասեն՝ «բա դուք էլ դա եք արել», են մեկն էլ ասի՝ «դուք էլ սա եք արել», բա դա վանաձորցիներին հուզո՞ւմ է՝ այդ հարցերը, ընդհանրապես, իրենց հետաքրքի՞ր է․ իրենց հետաքրքիր է, որ քաղաքը սկսվի բարեփոխվել, և փոփոխություններ սկսվեն Վանաձոր քաղաքում», - ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահը։

Երեք ուժերը, ըստ Մարուքյանի, գնում են ոչ թե իրենց քաղաքական ամբիցիաները, այլ՝ վանաձորցիների պահանջարկը բավարարելու ճանապարհով։ «Եթե կստացվի, պարոն Թամրազյան, մենք կարող ենք ցույց տալ, որ տեսե՛ք՝ փոքր, լոկալ ինչ-որ տարածքում, մակարդակում ինչ-որ բան արեցինք, ստացվեց, հույս այստեղից ծնվեց, չի ստացվի՝ կասենք՝ «դե տեսնում եք, չի ստացվում, որովհետև էսինչ բաները եղավ», բայց չգնալ այս ճանապարհով, չփորձել սա, չառաջարկել, հետո չբանակցել, ես գտնում եմ, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չէինք ունենա, եթե սա չանեինք», - ասաց Մարուքյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 9-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG