Մատչելիության հղումներ

«Հայկական վերածնունդը»-ը վստահեցնում է՝ Վանաձորում չի քվեարկի Հանրապետականի օգտին


Մհեր Շահգելդյան, արխիվ

Մհեր Շահգելդյան, արխիվ

Իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցությունը, դառը փորձը հաշվի առնելով, դեռևս չի շտապում ասել՝ կհաջողվի՞ Վանաձորում ընդդիմադիր ուժերին միավորվել և ունենալ ընդդիմադիր քաղաքապետ:

Նկատենք, և՛ «Հայկական վերածնունդ»-ը, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ն արդեն հայտարարել են, որ սատարելու են «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին։

Բայց, ինչպես այսօր խորհրդարանական ճեպազրույցներից հետո ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, ամեն ինչ պարզ կլինի փակ, գաղտնի քվեարկությունից հետո։

Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյան

«Բոլոր խաղաքարտերն այսօր ընդդիմադիր դաշտի ձեռքում են, որովհետև առաջին անգամ, թեկուզ երրորդ քաղաքում, բայց արձանագրվել է մի արդյունք, որ ոչ իշխանական ուժերն ունեն հնարավորություն կոնկրետ վերցրած քաղաքում իշխանափոխություն կատարել, չէ՞։ Ուրախ եմ, որ ինչ-որ համաձայնության մասին այսօր խոսվում է, որ այդ համաձայնությունը կա, բայց ես, դառը փորձ ունենալով, չէի շտապի դա վերածել միանգամից 17 ձայնի, այսինքն, 18 իրենք պետք է ունենան՝ տրամաբանորեն, բայց առնվազն 17 ձայն պետք է նշանակի այդ համաձայնությունը։ Քվեաթերթիկները գաղտնի են լինելու, բացվեն քվեատուփերը, կտեսնենք արդյունքները, և ես իսկապես ուզում եմ, որ այդտեղ հայտնաբերվի 18 ձայն, որը կորոշի, որ իշխանությունն այդ քաղաքում անցնում է ընդդիմությանը», - ասաց Ռուստամյանը։

Լրագրողներն այսօր «Հայկական վերածնունդը» ԱԺ-ում ներկայացնող «Օրինաց երկիր» (ՕԵԿ) խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք հնարավոր է, որ չնայած հայտարարությանը, թե սատարում են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուին, ավագանու իրենց անդամները փակ, գաղտնի քվեարկության ժամանակ ընտրեն իշխող Հանրապետականի թեկնածուին։

Շահգելդյանն ասաց, թե իր համար դաշնակցական Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը անհասկանալի է և չէր ցանկանա այն մեկնաբանել, ապա վստահեցրեց. - «Մենք կուսակցական կարգապահության բոլոր մոտեցումներով և հստակությամբ, այո, քվեարկելու ենք այնպես, ինչպես հայտարարել ենք։ «Հայկական վերածնունդ»-ը իր հայտարարության մեջ ինչպես ներկայացրել է, այդպես էլ իրականացնելու է, այդպես էլ անելու է։ Սրանք մեր մոտեցումներն են և մենք կանգնած ենք և անելու ենք ամեն ինչ այս մոտեցումների համար»։

Ճեպազրույցներին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ իր հերթին վստահեցրեց՝ ԲՀԿ-ն, հավատարիմ մնալով իր հայտարարությանը, երկուշաբթի կքվեարկի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին:

Լյովա Խաչատրյան

Լյովա Խաչատրյան

«Վստահ եմ, որ այն հայտարարությունը, որ հրապարակվել է, մեր երեք անդամներն էլ հետևելու են այդ հրապարակմանը՝ մեր որոշմանը», - հայտարարեց Խաչատրյանը։

Իսկ ինչ վերաբերում է իշխող Հանրապետականին, ապա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց՝ որևէ կերպ չեն փորձելու միջամտել ընդդիմադիր երեք ուժերի՝ «Լուսավոր Հայաստան»-ի, ԲՀԿ-ի և «Հայկական վերածնունդ»-ի բանակցություններին, որոնք փորձում են ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։

«Եթե մենք բանակցենք, այսինքն՝ խառնում ենք այդ մարդկանց համագործակցությունը», - ասաց Բաղդասարյանը։

Խորհրդարանական ճեպազրույցներում չշրջանցվեց նաև Վանաձորում «Հայկական վերածնունդ»-ի քաղաքապետի թեկնածուի քրեական հեղինակություն լինելու հարցը:

Նշենք, որ Արկադի Փելեշյանը, ով, ըստ մամուլի, Վանաձորում ավելի շատ հայտնի է «Ակա» մականունով, կասկածվում է Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ:

Այսօր Մհեր Շահգելդյանին հարցրեցինք, թե, երբ Վանաձորի քաղաքապետի պաշտոնում առաջադրում էին նրա թեկնածությունն, արդյո՞ք տեղյակ էին, որ Փելեշյանը քրեական հեղինակություն է։ «Մականունավոր չէ, որովհետև ժողովրդական մարդ է ավելի շատ, և մարդիկ սիրում են Արկադի Փելեշյանին այն պարզ պատճառով, որ մշտապես կանգնել է ամենաաղքատ խավի ներկայացնող մարդկանց կողքին, օգնել է իր հնարավորությունների շրջանակներում մանկապարտեզներին, ծերերին։ Սա է Արկադի Փելեշյանի կերպարը», - ասաց Շահգելդյանը։

Նշենք, որ Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանը գրավոր հաղորդում է ներկայացրել, որ Փելեշյանը հոկտեմբերի 4-ին, վրեժխնդիր լինելու նպատակով, հենց իրենց կրոնական կազմակերպության տարածքում բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն: Ըստ Գրիգորյանի, պատճառը թեկնածուի օգտին չքվեարկելն է եղել:

Այսօր լրագրողները նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանին հարց ուղղեցին, թե ինչպե՞ս են Վանաձորում պատրաստվում համագործակցել մի ուժի հետ, ում թեկնածուն քրեական հեղինակություն է: «Ինչպես, որ համագործակցում ենք մնացած բոլոր կուսակցությունների հետ, որտեղ նման անձանց պակասություն չի զգացվում։ Ունենք այն, ինչ ունենք մեր իրականության մեջ», - պատասխանեց Խաչատրյանը։

Հավելենք, որ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ով նույնպես Վանաձորից է, այսօր նշեց, թե ափսոսում է, որ նորաթուխ քաղաքական քայլեր կատարող Փելեշյանը նման կենսագրությունով է մտնում քաղաքական դաշտ, ինչ վերաբերում է քրեական հեղինակություն է նա քաղաքում, թե՞՝ ոչ, ապա. - «Վանաձորում մի հետաքրքիր, կներեք, բառը ռուսերեն ասեմ, շվելեր է գցված և բոլորս խելոք քայլում ենք դրա տակով, և բոլորս համեստ ենք պահում՝ անկախ մեր հնարավորություններից, մեր կարողություններից, եթե որևէ մեկը փորձում է մի քիչ վեր հանել իր գլուխը, այդ գլուխը շատ արագ իջեցնում են ներքև»։

XS
SM
MD
LG