Մատչելիության հղումներ

logo-print

ՀՅԴ-ն դժգոհ է ՏԻՄ ընտրություններում Գյումրիում և Վանաձորում ստացած քվեներից


ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, արխիվ:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, արխիվ:

«Դաշնակցության բյուրոն ներքին քննություն է անցկացնում Գյումրիի և Վանաձորի տեղական ընտրություններում կուսակցության գրանցած արդյունքների կապակցությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստայանը՝ չթաքցնելով, որ կուսակցությունում դժգոհ են երկու խոշոր քաղաքներում ստացած քվեներից:

«Մենք դժգոհ ենք երկու մեծ քաղաքներում կայացած ընտրությունների արդյունքներից, և ես կարծում եմ, որ էստեղ պետք է շատ պարզ դառնա, որ դա մեզ, իհարկե, բոլորովին չի ընկճում, ողբերգություն դրանից չենք սարքում: Ընդհակառակը, մենք համարում ենք, որ քաղաքական ուժը կարող է ընտրությունների ժամանակ ունենալ նաև անհաջողություններ, բայց դրանից պիտի կարողանա եզրակացություններ անել, որը մենք իսկապես կատարելու ենք: Դրա համար եմ ասում՝ չկա չարիք առանց բարիքի․ որ դա տեղի է ունենում վեց ամիս առաջ համապետական ընտրություններից, սա մեր համար առիթ է, որ մենք լրջորեն վերանայենք մեր մոտեցումները, ավելի շտկենք մեր մեջքը, գնանք առաջ, որ համապետական ընտրություններում լավ արդյունք ունենանք»:

Կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական արդյունքներով, Վանաձորում Դաշնակցությունը ստացել էր էր 2522 քվե, իսկ դաշնակցական մարզպետ ունեցող Շիրակի կենտրոն Գյումրիում՝ էլ ավելի պակաս՝ 2313 ձայն: Հրաժարական կտա՞, թե ՞ոչ այս տարվա մարտին կոալիցիոն հուշագրի շրջանակներում Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնած Հովսեփ Սիմոնյանը․ այս հարցի պատասխանը ևս կախված է այժմ ընթացքող քննությունից: Ըստ Ռուստամյանի, քննող մարմինը մոտ տասը օրից կավարտի իր աշխատանքը, կներկայացնի հաշվետվություն, այնուհետև կկայացվեն որոշումներ․ - «Դա միայն Հովսեփի հետ կապված չի: Ընդհանրապես ամբողջ կառույցը, որ էդտեղ աշխատել է, կառույցի արդյունքներն են ի վերջո: Կուսակցությունն է կոնկրետ էդտեղ աշխատել, և մեր թիմի մեջ ուրեմն եղել են հարցեր, որոնք մենք պետք է էսօր վերլուծենք: Քննիչ մարմինը կգնա, կուսումնասիրի, բոլոր մանրամասնություններին կծանոթանա, կբերի պատկերը, և պատկերի վրա կկայացվի որոշում»:

Ամեն դեպքում, Ռուստամյանի խոսքով, մի բանում կարելի է վստահ լինել, և քվեարկության արդյունքներն էլ վկայում են, որ իրենց մարզպետը Գյումրիում ադմինիստրատիվ լծակներ չի բանեցրել․ - «Սա ցույց է տալիս, որ մենք էդպիսի նպատակ չեն հետապնդել»:

Ռուստամյանի կարծիքով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներում գրանցված համամասնությունը չի կրկնվի: Կիրակի կայացած տեղական ընտրություններում, ըստ նրա, քվեներն ապահովվել են հիմնականում կլանային սկզբունքով․ - «Մարդիկ կան, որ ունեն չորս-հինգ հազար «ձայն»՝ իրենց անձով պայմանավորված: Էդ մարդը ինչ-որ կապեր, գերդաստանային հարաբերություններ․․․ զանազան ձևերով ունի ազդեցություն էդքան անձանց վրա: Եվ էդ մարդը, նայած թե արդեն որ ցուցակի մեջ է, ըստ այդմ էլ էդ ձայները գնում են նրան»:

Դիտարկմանը, թե, սահմանադրական փոփոխությունների համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են ռեյտինգային ցուցակներով, և թաղային հեղինակությունները նույն սկզբունքով կարող են ձայն բերել այն կուսակցությանը, որի ցուցակում ներգրավվել են, Ռուստամյանն արձագանքեց, որ իրենք կփորձեն իրենց ցուցակում իրապես հեղինակավոր և արժանի մարդանց ընդգրկել․ - «Ես ո՞նց կարող եմ էդպիսի մարդ բերեմ իմ ցուցակ, բայց միևնույն ժամանակ պայքարեմ էդ տեսակի դեմ: Մի տեսակ կա, որը Դաշնակցությունը չի ընդունի՝ անկախ նրանից, թե ինքը ինչքան ձայներ ունի: Բայց քաղաքական ուժեր կան․․․ իրենց համար բացարձակ կապ չունի: Իրենց համար թիվն է կարևոր, տվյալ ընտրությանը հաջողություն ունենալն է կարևոր, և իրանք չեն խուսափում, և «ձայնից հոտ չի գալի, քվեաթերթիկից հոտ չի գալի» տրամաբանությամբ ում ասես կարող են բերել»:

Ռուստամյանը վստահ է, որ ապրիլին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական բաղադրիչն ավելի մեծ կլինի․ - «Մեր կատարած ամբողջ փոփոխությունների իմաստը այն է, որ քաղաքական գիտակցությունը մեր ժողովրդի գնալով բարձրանա, իրենց վստահություն ձեռք բերեն, որ իրենց քվեարկությամբ է որոշվել այս կամ այն ընտրության արդյունքը»:

XS
SM
MD
LG