Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը չարդարացված է համարում Հայաստանում ակտիվիստների ազատազրկումը


Human Rights Watch-ի փոխտնօրեն Ջեյն Բյուքենեն, արխիվ
Human Rights Watch-ի փոխտնօրեն Ջեյն Բյուքենեն, արխիվ

Բողոքի հուլիսյան ցույցերից հետո Հայաստանի իշխանությունները տասնյակ ակտիվիստների ձերբակալեցին՝ նրանցից ավելի քան 40-ին կալանավորելով զանգվածային անկարգությունների մեղադրանքով: Ի խախտումն միջազգային չափանիշների՝ դատարանները կալանքի համար վկայակոչել են ընդհանուր և վերացական հիմքեր: Այդ մասին իր հաղորդագրությունում նշել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ջեյն Բյուքենենը, ով անցած ամիս այցելել էր Հայաստան:

Ազատազրկվածների թվում նշելով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի անունները, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրենը հավելում է, որ օգոստոսի կեսերին նրանցից երեքին «բողոքարկման արդյունքում, բարեբախտաբար, դատարանը ազատ արձակեց գրավի դիմաց», ինչը, սակայն, չարվեց Ղուկասյանի դեպքում, որը, ըստ իր փաստաբանի, հայտարարել էր, որ ազատ արձակվելու դեպքում մտադիր է շարունակել խաղաղ քաղաքական գործունեությունը: «Ազատազրկումը, անկասկած, նմանվում է Ղուկասյանին իր օրինական քաղաքական աշխատանքը կատարելուց հեռու պահելու ջանքի և խախտում է ազատ խոսքի նրա իրավունքը», - ասված է հաղորդագրությունում:

Բյուքենենը ընդգծում է, որ կալանքը սահմանելով որպես խափանման միջոց՝ դատարանները չեն մատնանշել որևէ փաստ, որը հիմնավորեր, որ մեղադրյալները կարող են խուսափել արդարադատությունից, նրանց մինչ դատավարությունը՝ առնվազն երկու ամսով ուղարկել են գերծանրաբեռնված բանտեր՝ անմխիթարական պայմաններով:

Human Rights Watch-ի փոխտնօրենը նշում է, որ Անդրիաս Ղուկասյանին և մյուս երեք առաջնորդներին սպասում է դատավարություն «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» լուրջ քրեական մեղադրանքով՝ հուլիսյան բողոքի ակցիաների համար, որոնք սկսվեցին, երբ զինված խումբը հուլիսի 17-ին գրավեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը՝ «սպանելով մեկ ոստիկանի և պատանդառելով մի քանի մարդու»: «Մինչ հուլիսի 31-ին զինյալների հանձնվելը, նրանց հասարակական աջակցությունը և կառավարությունից դժգոհությունը վերածվեց բողոքի շարժման», - ասված է հաղորդագրությունում:

Բողոքի ակցիաներն իրենք, ինչպես նշում է Բյուքենենը՝ վկայակոչելով տասնյակ ականատեսների, որոնց հետ իրենք հարցազրույցներ են անցկացրել, ինչպես նաև լայնորեն տարածված տեսանյութերը, «մեծապես խաղաղ էին՝ մասնակիցների կողմից բռնության առանձին միջադեպերով՝ ոչինչ, որ հեռավոր նմանություն ունենար «զանգվածային անկարգությանը»:

Կարևոր քայլ որակելով Խուրշուդյանի, Մարտիրոսյանի և Սանասարյանի ազատ արձակումը՝ Ջեյն Բյուքենենը ընդգծում է․ - «Ցույց տալու համար լիարժեք հարգանք մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հանձնառությունների նկատմամբ, քննիչները պետք է վերանայեն Ղուկասյանի նկատմամբ մինչդատական ազատազրկման իրենց պահանջը և մանրակրկիտ ուսումնասիրեն տասնյակ այլ նմանատիպ գործեր՝ նրանց ազատազրկման հստակ հիմնավորման տեսանկյունից: Մինչդատական ազատազրկումը պետք է լինի վերջին միջոց, այլ ոչ թե դյուրին եղանակ, որով հայաստանյան իշխանությունները անարդարացիորեն պատժեն քննադատներին»:

Մինչդատական ազատազրկման անառիթ կիրառումը, ըստ Human Rights Watch-ի փոխտնօրենի, «նման է ազդանշան հղելուն առ այն, թե մինչև ուր կհասնի կառավարությունը ընդդիմությանը համախմբելու ունակներին լռեցնելու գործում»:

XS
SM
MD
LG