Մատչելիության հղումներ

Հովսեփ Խուրշուդյան․ Այդպես չեն կարող երկիր պահել


«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը բանտից դուրս գալուց հետո հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 24-ը օգոստոսի, 2016թ․

«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը բանտից դուրս գալուց հետո հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 24-ը օգոստոսի, 2016թ․

Չորեքշաբթի երեկոյան գրավի դիմաց ազատ արձակվեց «Ժառանգություն» կուսակցության վերջին կալանավորված անդամը՝ Հովսեփ Խուրշուդյանը:

Հուլիսի 29-ին Սարի թաղում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով առայժմ ճաղերի հետևում է մնում միայն «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 25 օր է հացադուլի մեջ է:

Անցած շաբաթ գրավի դիմաց կալանքից ազատ են արձակվել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

Երեկ ուշ երեկոյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո «Ազատությանը» տված հարցազրույցում Հովսեփ Խուրշուդյանը, մասնավորապես, ասաց․ - «Իհարկե, լավ է, որ գրավով գոնե հնարավորություն տվեցին, ազատ արձակեցին, բայց դա, կարծում եմ, իրենց [իշխանությունների] պատասխանատվությունը, ոչ միայն իմ [հարցով], այլ բոլոր այս քաղբանտարկյալները, որ այսօր լցված են բերդերում, դրանով չի նվազում իրենց պատասխանատվությունը, և իրենք պատասխան են տալու»:

«Անհեթեթ մեղադրանք էր՝ երկու ոստիկանի կեղծ ցուցմունքով, զրպարտություն էր ըստ էության, որ, իբր, տեսել են, որ ես, ընդ որում՝ հայրանունս էլ շեշտել են, նույնիսկ հայրանունս գիտեն, երկուսն էլ նույնաբովանդակ ցուցմունք են տվել՝ copy paste արած իրարից ցուցմունքները, ակնհայտ ուղղակի սարքել էին, էլի, կոպիտ ասած», - ընդգծեց նա:

«Ես կարծում եմ, պայքարը հիմա երկու ուղղությամբ պետք է գնա, նախ և առաջ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումն է, բոլորի, և մյուսն արդեն այն, ինչ որ քաղաքական օրակարգում կա՝ իշխանությունների հրաժարական․ ինչքան շուտ ազատվենք այս հանցագործներից, այնքան՝ լավ», - հայտարարեց Խուրշուդյանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչն էր իր թիրախավորվելու պատճառը, նա արձագանքեց․ - «Ոչ միայն ես, դուք գիտեք՝ այ, թիրախները կանգնած են այստեղ: Բոլորը, ովքեր ակտիվ են, բոլորը, ում քաղաքական գործունեությունը իրենց հատկապես վնասում է, հատկապես իրենց անհանգստացնում է, և իրենք զգում են, որ կարող է դրանից իշխանություն կորցնեն, կամ ինչ-որ լուրջ խնդիրներ ունենան, իրենց համար վտանգ են ներկայացնում, և իրենք այլ ելք չեն գտնում, քան քաղաքական հակառակորդներին բերդեր նետելը»:

«Դա փոքր և թույլ իշխանության, փոքր և թույլ մարդկանց փեշակ է՝ քաղաքական հակառակորդներին բերդերում փակել, մեկուսացնելը: Իրենք ընդամենը ցույց են տալիս, որ այն, ինչ որ իրենք մրցունակ չեն աշխարհում, իրենք փորձում են այստեղ մրցունակ դառնան այ այդ պրիմիտիվ մեթոդներով: Բայց այդպես մրցունակություն չեն ապահովում, այդպես չեն կարող երկիր պահեն», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Հարցին էլ՝ իրեն քաղաքական բանտարկյալ համարո՞ւմ է, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց․ - «Արդեն ոչ՝ ազատվեցի, բայց այս մի ամիսը, այո, ես եղել եմ քաղաքական բանտարկյալ»:

Վերաքննիչ դատարանում բողոքարկվելու են ձերբակալման և կալանավորման որոշումները, ինչի կապակցությամբ «Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարեց․ - «Բոլոր իրավական ճանապարհները պետք է ամեն դեպքում սպառել Հայաստանում, իսկ եթե Հայաստանում չկարողանանք սպառել, ուրեմն՝ Հայաստանից դուրս: Ամեն դեպքում, Հայաստանը լուսնի վրա չի գտնվում՝ կա Եվրոպական դատարանը, որի մաս է կազմում Հայաստանը և ստորագրել է խարտիաները: Այնպես որ, տեսնենք՝ այն, ինչ վերաբերում է իրավական ճանապարհին: Բայց սա քաղաքական խնդիր է, քաղաքական լուծումներ պետք է լինեն, իրավական լուծումները միշտ կլինեն թերի և ոչ լիարժեք»:

«Այսինքն, մինչև Եվրոպական դատարան գնալու եք», - այս դիտարկմանը Հովսեփ Խուրշուդյանը արձագանքեց․ - «Անպայման»:

XS
SM
MD
LG