Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցիչներին


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում ընդգծվել է ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունների հիման վրա մանրամասն ու հաշվետու քննություն իրականացնելու կարևորությունը:

«Պաշտպանը Ջ. Բյուքենենին և Գ. Գոգիային տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան նյութերն ուղարկել է քրեական հետապնդման մարմիններին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում դրանք քննարկելու նպատակով: Քննարկվել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի գործունեությունը՝ կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրության նպատակով: «Human Rights Watch» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են Պաշտպանի հետ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս շարունակել համագործակցությունը»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG