Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՔԾ պետի հետ


Լուսանկարը՝ ՀՔԾ-ի
Լուսանկարը՝ ՀՔԾ-ի

Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը երեկ հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավար Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ Human Rights Watch-ի ներկայացուցիչների խնդրանքով Շահինյանը ներկայացրել է իրավապահ մարմինների համակարգում Հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները:

Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները Վահրամ Շահինյանին մի շարք հարցեր են ուղղել վերջին օրերին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ինչպես նաև այլ վայրերում տեղի ունեցած բռնությունների, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ:

ՀՔԾ պետը նշել է, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում են լայնածավալ քննչական գործողություններ՝ պարզելու անձանց հաղորդումների և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և ոստիկանության բաժիններ բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Շահինյանը հավաստիացրել է, որ հարուցված քրեական գործերով ՀՔԾ-ն իրականացնում է անաչառ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ մեղավոր անձանց պարզելու և քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով:

Ջեյն Բյուքենենը և Գիորգի Գոգիան խիստ կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ ընդգծել են հետագայում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում ակտիվ համագործակցության ցանկությունը:

Հիշեցնենք, Human Rights Watch-ը օրերս հրապարակած զեկույցում արձանագրել է, մասնավորապես, որ իրավապահները հուլիսի 29-ին Երևանում չափազանց մեծ և անհամաչափ ուժ են գործադրել ցուցարարների նկատմամբ՝ վնասվածքներ հասցնելով նաև լրագրողներին, և կոչ է արել արագ քննել այդ հարձակումներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG